Արմեն Սարգսյաի հրաժարականը կարող է նախագահի ու վարչապետի տարաձայնությունների հետևանք լինել: Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին հայտարարությունը:
«Ես խորապես համոզված եմ, որ գործող վարչապետն ու Արմեն Սարգսյանը տարաձայնություններ ունեին սահմանադրական բարեփոխումների շուրջ: Եվ նրա հրաժարականը կա՛մ այդ տարաձայնությունների հետևանք է, կա՛մ հեռանում է, որ չխոչընդոտի Նիկոլ Փաշինյանի ծրագրերի իրականացմանը, որովհետև ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իշխանության երկարաձգման հնարավոր տարբերակ դիտվում է սահմանադրական ռեֆորմը, անցումը կիսանախագահական համակարգին»,- ասաց Սուրենյանցը:
Այդ սցենարի իրագործման պարագայում, քաղաքագետի բնորոշմամբ, առաջանալու էր Արմեն Սարգսյանի «ավելորդության խնդիր»:
Սուրենյանցը պատմեց, որ վերջին անգամ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է մեկ տարի առաջ՝ 2020-ի դեկտեմբերին ու մեկժամյա առանձնազրույցից տպավորություն է ստացել, որ զարգացումները հանգեցնելու են մի իրավիճակի, երբ Արմեն Սարգսյանը իր պաշտոնավարման ժամկետի լրանալուց շուտ հրաժարական է տալու։
«Նա խոսում էր իր ու գործադիր իշխանության միջև խորքային տարաձայնությունների մասին: Եթե նկատել եք, Արմեն Սարգսյանն իր հրաժարականի տեքստում ակնարկներ է արել, որ պաշտոնը ստանձնել է միանգամայն այլ պայմանավորվածությունների դաշտում: Սերժ Սարգսյանը նրան խոստացած է եղել ազդեցություններ նաև մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ներդրումների, արտաքին քաղաքականության, սփյուռքի հետ աշխատանքների և այլն: Հեղափոխությունից հետո նա հայտնվել է բոլորովին այլ իրականության մեջ, ըստ էության՝ անգլիական թագուհու կարգավիճակում»,- ասաց Սուրենյանցը:
Իսկ թե ինչու այդ դեպքում Արմեն Սարգսյանը հրաժարականի որոշում կայացրեց միայն 4 տարի անց, ըստ Սուրենյանցի, պատճառը թերևս իշխանությունների սահմանադրական բարեփոխումների ծրագրին դիմադրելու անհրաժեշտ քաղաքական կամքի բացակայությունն է:
Այդուհանդերձ, ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը, Սուրենյանցի դիտարկմամբ, հասցրեց որոշ անուրանալի աշխատանք կատարել ի շահ Հայաստանի: Որպես այդպիսին Սուրենյանցը հիշեցրեց 2018թ-ի լարված օրերին այդ ժամանակվա իշխանության ու փողոցի միջև նրա միջոցով ստեղծված կապն ու զարգացումներն անցնցում ապահովելու առաքելությունը:
Ինչ վերաբերում է նախագահի կապերի միջոցով ՀՀ ներդրումներ բերելուն, Սուրենյանցն այս առաքելությունը տապալված է համարում՝ նշելով, որ գուցե նախագահին հաջողվել է պայմանավորվածություններ ունենալ, բայց դրանց իրականացումը խոչընդոտվել է իշխանության կողմից:
«Պրակտիկ առումով նախագահի կապերը չկապիտալիզացվեցին հօգուտ ՀՀ-ի»,- նկատեց քաղաքագետը:
Հիշեցնենք` այսօր երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա նշել է, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։