ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույց է ներկայացրել։
Նա նշել է, որ գլխավոր քարտուղարի` միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման վերաբերյալ կոչը անհապաղ գլոբալ հրադադարի մասին, որը հաստատվել է Անվտանգության խորհրդի 2532 (2020) և 2565 (2021) բանաձևերով, կարևոր նախաձեռնություն էր ամենախոցելի խավին մարդասիրական հասանելիություն և օգնություն տրամադրելու համար:
«Ցավոք, միջազգային հանրության ճնշող աջակցությունը բանաձևերին չկարողացավ հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը աշխարհի տարբեր մասերում։ Ընդհակառակը` մեր տարածաշրջանում 2020 թվականի աշնանը բախվեցինք Լեռնային Ղարաբաղի դեմ դաժան ագրեսիայի, որն ավերեց ամբողջական համայնքներ՝ պատճառ դառնալով բազմաթիվ զոհերի, հազարավոր տեղահանվածների, ավերելով կարևոր ենթակառուցվածքները և մեծ հումանիտար ճգնաժամ։ Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության խոչընդոտումն ու քաղաքականացումը մինչ օրս խոչընդոտել է տուժած մարդկանց ՄԱԿ-ի համապարփակ օգնության տրամադրումը»,– ասել է Մարգարյանը։
Նրա խոսքով՝ այս համատեքստում Հայաստանը կարևորում է գլխավոր քարտուղարի և Միավորված ազգերի կազմակերպության հետևողական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն մանդատային ձևաչափի կենտրոնական դերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանը նպաստելու գործում։
Մարգարյանն ընդգծել է, որ ՄԱԿ–ը պետք է կենտրոնացնի իր ջանքերը ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների հետևանքները օրինականացնելու մանիպուլյացիաների փորձերի դեմ՝ հակազդելու կեղծ պատմություններին, էթնիկ և կրոնական հողի վրա բռնություններին։