Ամանորից 1-2 օր առաջ զանգ եմ ստանում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից։
«Հիշո՞ւմ ես, որ մի 2 տարի առաջ հոդված էիր գրել 40 հայ որբերից կազմված Եթովպիայի կայսերական նվագախմբի մասին։ Նվագախմբի անդամներից մեկի որդին այստեղ է՝ Երևանում, քեզ է փնտրում, կուզե՞ս հանդիպել հետը»։
Հեռախոսով ծանոթանում ենք, պայմանավորվում հանդիպել հունվարի կեսերին։ Կես ամիս հուզմունքով սպասում եմ մեր հանդիպմանը, վերընթերցում հոդվածս․ 40 հայ որբերի Եթովպիայում հայտնվելը, կայսերական նվագախումբ կազմելը, կայսեր թագադրման ժամանակ Եթովպիայի ազգային օրհներգ կատարելն արդեն հրաշք էր, մի ուրիշ հրաշք է հանդիպել այն մարդուն, որն այս պատմությունների անմիջական կրողն ու ժառանգն է։
Վաչե Զատիկյանը ցույց է տալիս Կոմիտասի սկավառակը, որն Արմենակ Շահմուրադյանը նվիրել է Երուսաղեմի որբանոցի հայ սաներին
© Aram Nersesyan
Ինձ դիմավորում է իր տարիքի համար անսովոր աշխույժ 80-ամյա Վաչե Զատիկյանը՝ Գրիգոր Զատիկյանի և Սիրան (Սիրուն) Մաղաքյանի որդին։ Հարցերիս տարափին ի պատասխան պարոն Զատիկյանը բացում է հնամաշ, կապույտ ճամպրուկն ու զգուշորեն դուրս բերում լուսանկարներ, տարբեր փաստաթղթեր։
Վաչե Զատիկյանի կապույտ ճամպրուկը
© Aram Nersesyan
«Որբ էր ոչ միայն հայրս, այլև մայրս․ հայրս ծնվել է 1906 թվականին՝ Սեբաստիայի նահանգի Դարանդա գյուղում, մայրս՝ 1914 թվականին՝ Վանում։ Երկուսն էլ Ցեղասպանություն վերապրածներ են, հրաշքով փրկվել են ու որբանոցում հայտնվել»։ Պարոն Զատիկյանը կապույտ ճամպրուկից մաշված, խունացած թուղթ է դուրս բերում, դողացող ձեռքերով բացում ծալվածքներն ու սկսում ընթերցել․ հոր ձեռագիրն է, նրա ինքնակենսագրությունը։
Գրիգոր Զատիկյանի ձեռագիր ինքնակենսագրությունը
© Sputnik / Aram Nersesyan
«1914թ․ պատերազմին բազմահազար հայերի հետ միասին տեղահանված և գաղթած եմ դեպի Դեր Զորի անապատները, ուր դանակի ու յաթաղանի զանազան հարվածներով կոտորված են ավելի քան 1,5 միլիոն հայեր, որոնց շարքում` իմ ծնողներն ու բոլոր հարազատները։ Ես այս զոհերի ականատեսն ու կենդանի վկան եմ․․․»։
Թե հայրը քանի քույր-եղբայր է ունեցել, Վաչե Զատիկյանը չգիտի (հայրը ջարդերի մասին չէր պատմում), միայն գիտի, որ մի քույր է ունեցել, որին թուրքերը տարել են․․․
Գրիգոր Զատիկյանի ինքնակենսագրությունից իմանում ենք, որ նրան Մոսուլում հավաքագրել են ՀԲԸՄ որբահավաքներն ու 1919 թ․ տեղափոխել Բաղդադ՝ Պաքուպա կոչվող որբանոց, 1921-ին՝ Բասրա, 1922 –ին` Երուսաղեմի Արարատյան որբանոց։
Այս որբանոցում են հայտնվել նաև Վաչե Զատիկյանի մայրը՝ Սիրանը, ու մորեղբայրը՝ Մուշեղը (մինչ այդ նրանք եղել են Էջմիածնի որբանոցում իրենց 2 եղբայրների հետ, եղբայրները մնացել են Հայաստանում)։ Մորական կողմի տատ ու պապի մասին էլ Վաչե Զատիկյանը մանրամասներ չգիտի, միայն գիտի, որ տատն Էջմիածնում է վախճանվել։ Հիշում է՝ մոր հետ գնում էին Էջմիածնի հին գերեզմանոց, այնտեղ մայրը ծաղիկ էր դնում պատահական գերեզմանի վրա, քանի որ իր մոր գերեզմանի տեղը չգիտեր։
Մուշեղ և Սիրան Մաղաքյանները
© Sputnik / Aram Nersesyan
Երուսաղեմի Արարատյան որբանոցում հայ որբերի համար տարբեր խմբակներ էին գործում։ Վաչե Զատիկյանը ցույց է տալիս ջնարակապատ կավե ափսե․ 1924 թվականին հայրն է որբանոցում պատրաստել՝ կավագործության խմբակում։
Գրիգոր Զատիկյանի ձեռքով պատրաստված կավե ափսեն. 1924թ, Երուսաղեմ
© Aram Nersesyan
Եղել է նաև թատերական խմբակ, այդ մասին պատմում են պահպանված լուսանկարները, որոնցում նաև Վաչե Զատիկյանի հայրն է՝ Գրիգորը։
Գրիգոր Զատիկյանը Երուսաղեմի մանկատան թատերական խմբակում
© Sputnik / Aram Nersesyan
Այս տարիներին կազմավորվում է որբանոցի փողային նվագախումբը՝ «Ֆանֆարի խումբը»։ Նվագախմբի երաժիշտների շարքում ընդգրկվում են Վաչե Զատիկյանի հայրը (բաս) և մորեղբայրը (կլառնետ):
Երուսաղեմի հայ որբերի նվագախումբը
© Sputnik / Aram Nersesyan
1924թ.-ին եվրոպական ուղևորության ընթացքում Եթովպիայի վերջին կայսրը` Րաս Թաֆարի Մաքոննեն, (որն այդ ժամանակ դեռ պաշտոնապես կայսր չէր, սակայն թագաժառանգն էր և երկրի փաստացի ղեկավարը) մեկնում է Շվեյցարիա՝ Ազգային լիգայում Եթովպիան ներկայացնելու։ Ճանապարհին այցելում է նաև Երուսաղեմ, լինում Հայոց պատրիարքարանում, որտեղ նրան դիմավորում է «Ֆանֆարի խումբը»: Դրա նախորդ տարում Արարատյան որբանոցում էր եղել Թաֆարի կայսեր կինը, տպավորվել և հուզվել հայ մանուկների կատարումով, նրանց պատմությամբ։ Երաժշտասեր փոքրիկների կատարումն այնքան է դուր գալիս Թաֆարիին, որ նա դիմում է հայոց պատրիարք Եղիշե Դուրյանին, ցանկություն հայտնում որդեգրել փոքրիկներին և իր հետ տանել Եթովպիա` խոստանալով հոգ տանել որբերի մասին, նրանց ապահովել սննդով, կացարանով, անհրաժեշտ բոլոր պայմաններով:
«Ֆանֆարի խումբը»
© Sputnik / Aram Nersesyan
Քանի որ որբանոցում տեղի խնդիր կար և սա հնարավորություն էր, որ գոնե այդ 40 որբերն ընտանեկան ջերմություն գտնեին, հայոց պատրիարքն ու որբանոցի ղեկավարությունը համաձայնում են: 1924-ի սեպտեմբերի 6-ին հայ մանուկները, նրանց թվում Գրիգոր Զատիկյանն ու Մուշեղ Մաղաքյանը, ժամանում են Ադիս Աբեբա․ Սիրանը մնում է Երուսաղեմում՝ շարունակելու ուսումը (հետագայում տեղափոխվում է Բեյրութ)։
Գրիգոր Զատիկյան
© Sputnik / Aram Nersesyan
40 հայ որբերը ձևավորում են Եթովպիայի կայսերական փողային նվագախումբը, որը կոչում են «Աբպա լիճոճէ» (ամհարերենից` Եթովպիայի պետական լեզվից, թարգմանաբար նշանակում է «Քառասուն մանուկներ»): 1930թ.-ի նոյեմբերի 2-ին` կայսեր թագադրման արարողության ժամանակ (կայսրը ստացավ Հայլե Սելասիեն պատվանունը), հենց «Աբպա լիճոճէ» նվագախումբը կատարեց Եթովպիայի ազգային օրհներգը:
Վաչե Զատիկյանի կապույտ ճամպրուկում մի հետաքրքիր լուսանկար կա․ դրանում Հայլե Սելասիե կայսրն է՝ ինչ-որ տոնական արարողության ժամանակ։ Կայսեր հետևում երևում է Գրիգոր Զատիկյանը։ Միգուցե սա հենց թագադրման արարողությունը պատկերող լուսանկար է։
Եթովպիայի կայսրը արարողություններից մեկի ժամանակ. հետևի պլանում երևում է Գրիգոր Զատիկյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Որքան ես գիտեմ` սկզբնական շրջանում այդ որբերն ապրում էին հենց պալատում կամ պալատին կից կառույցում, ամեն դեպքում՝ կայսերը մոտ, նրա անմիջական հովանու ներքո։ Հետո արդեն որբերից մի քանիսին տեղավորեցին Ադիս Աբեբայում ապրող հայերի տանը։ Բացի նվագելուց որբերին նաև արհեստի տվեցին․ հայրս, օրինակ, ժամագործություն, ոսկերչություն սովորեց, նա դարձել էր արքունի ոսկերիչը, կայսրը գնահատում ու վստահում էր հորս»,- պատմում է Վաչե Զատիկյանը։
Գրիգոր Զատիկյանի այցեքարտը
© Sputnik / Aram Nersesyan
Հայրն այնքան ճանաչված ու հարգված մասնագետ էր Ադիս Աբեբայում, որ իր այցեքարտն ուներ․այն ևս կապույտ ճամպրուկում է պահվում։
Անցնում են տարիներ, Սիրանը փոխադրվում է Բեյրութի Սիսուան-Քելեկյան որբանոց, բայց արդեն մեծ էր, ուստի պետք է լքեր որբանոցը։ Նրա եղբայրը՝ Մուշեղը, կայսերը խնդրում է թույլ տալ քրոջը բերել իր մոտ։ Կայսրը թույլ է տալիս։
Սիրան և Մուշեղ Մաղաքյանները
© Sputnik / Aram Nersesyan
30-ականների սկզբում Սիրանը փոխադրվում է Եթովպիա։ Գրիգորն ու Սիրանը կրկին հանդիպում են, այս անգամ արդեն երկուսն էլ երեխա չէին, սիրահարվում են և որոշում ամուսնանալ։
«Հայկական սովորույթի համաձայն՝ հարսին պետք է հայրական տնից ճանապարհեն, բայց դե հայրական տուն չկար։ Տեղի ՀԲԸՄ-ի անդամ Մարտիկյաններն առաջարկում են իրենց տնից ամուսնացնել մորս»։
Գրիգորի և Սիրանի հարսանիքի հրավիրատոմսը
© Sputnik / Aram Nersesyan
Պարոն Վաչեն կապույտ ճամպրուկից դուրս է բերում հարսանիքի հրավիրատոմսը․այս անգամ ես եմ ընթերցում հրավիրատոմսում գրվածը։
«Տեր և տիկին Մարտիկյանները պատիվ ունեն ծանուցանել ձեզ իրենց աղջկա՝ Սիրանի ամուսնության մասին, կիրակի հոկտեմբերի 15-ին, 1933 թ․ ժամը 9։50»։
Երկու հայ որբերի հարսանիքը թագավորական շուքով ու թագավորական նվերներով է անցնում․ կայսրուհին Սիրանին նվիրում է տոնական պայուսակն ու փղոսկրից ծխամորճ, իսկ կայսրը Գրիգորին` արծաթե ծխախոտատուփ և սադափե ծխամորճ։
Եթովպիայի կայսեր և կայսրուհու հարսանեկան նվերները Գրիգորին և Սիրանին
© Aram Nersesyan
1935 թվականին Եթովպիայում ծնվում է Գրիգորի և Սիրանի առաջնեկը՝ Անդրանիկը։ Գրիգորը շարունակում էր նվագախմբում նվագել, զբաղվել ժամագործությամբ, ոսկերչությամբ, իսկ Սիրանն ասեղնագործություն էր դասավանդում տեղի հայկական կիրակնօրյա դպրոցում։ Կապույտ ճամպրուկում խնամքով պահվում են նրա՝ տարբեր տարիներին (այդ թվում՝ Երուսաղեմի որբանոցում) արված ասեղնագործությունները։
1938 թվականին շատերի պես նրանք էլ ստիպված են լինում հեռանալ Եթովպիայից, ուր ներխուժել էին ֆաշիստական Իտալիայի զորքերը ու ալան-թալանով էին զբաղված (Օկուպացիայի ժամանակ գերեվարվում է Մուշեղ Մաղաքյանը, նա հայրենադարձվում է միայն 1962-ին): Ադիս Աբեբայից նրանք տեղափոխվում են Բեյրութ, որտեղ մի քանի տարի Բուրջ Համուդ թաղամասում Գրիգորն իր ոսկերչական կրպակն է աշխատեցնում։ Հայրենական պատերազմի ավարտից հետո՝ 1946թ․–ին, տեղափոխվում են Հայաստան։ Այստեղ արդեն Գրիգոր Զատիկյանն աշխատում էր որպես ժամագործ, երբեմն էլ մանր-մունր ոսկերչական գործեր անում։
«Քչերը գիտեն, որ 60-ականներին կայսր Սելասիեն եղել է Երևանում, ապրում էր «Արմենիա» հյուրանոցում։ Հայրս շատ էր ուզում նրան տեսնել. գնաց հյուրանոց, անվտանգության աշխատակիցներին բացատրում էր, որ կայսրը գիտի իրեն, ինքը արքունական երաժիշտ ու ոսկերիչ է եղել, բայց դե անվտանգության աշխատակիցները չհավատացին հորս, հանդիպումն այդպես էլ չկայացավ»։
Վաչե Զատիկյանը ցույց է տալիս ծնողների լուսանկարը
© Aram Nersesyan
Գրիգոր Զատիկյանը մահացել է 1982 թվականին, Սիրան Մաղաքյանը՝ 1987-ին։ Ընտանիքի անդամները հիշում են՝ անգամ -14 տեսողությամբ տատիկը շարունակում էր ասեղնագործել․․․
Գրիգոր Զատիկյանն ու Սիրան Մաղաքյանն ապրել են միասին շուրջ կես դար։ Եղել են հաշտ ու համերաշխ, վեճի թեմա կարող էր դառնալ, օրինակ, եթե Գրիգոր Զատիկյանը հայրենադարձված ընկերների հետ խոսելիս թուրքերեն բառեր օգտագործեր։ Այ դրանից Սիրանը զայրանում էր։ Ամուսինները հաճախ էին կարոտով հիշում Եթովպիան։ Կապույտ ճամպրուկում Եթովպիայի, կայսեր ու կայսրուհու բազմաթիվ լուսանկարներ են, որոնք հաճախ էին թերթում․․․