Հայաստանում պետք է զարգացնել ոչ թե Երևանը, այլ սահմանային բնակավայրերը։ Այս հարցում համոզված են սփյուռքահայ երիտասադրներ Մեթյու Սահակյանը և Նարեկ Ղազարյանը։ Մեթյուն ծնվել, մեծացել է Փարիզում, Նարեկը` Սան–Ֆրանցիսկոյում։ Երկուսն էլ իրենց երիտասարդ տարիներին տեղափոխվել են Հայաստան ու հիմնավորվել այստեղ, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո միավորել ուժերը՝ Արցախից տեղահանված հայրենակիցներին օգտակար լինելու նպատակով։ Մեթյուի և իր կնոջ՝ Արազի (նույնպես սփյուռքահայ է) ղեկավարած All for Armenia կազմակերպությունը հիմնվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը։ Կազմակերպության հիմնական անելիքն այդ ժամանակ Արցախից Հայաստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության օգնություն տրամադրելն էր։ Այդպես էլ հայտնվեցին Սյունիքի Կոռնիձոր գյուղում։ Հոկտեմբերի կեսն էր։
Մեթյու Սահակյանը և Նարեկ Ղազարյանը «ԿոռնիՏան» մոտ
© Photo : provided by All for Armenia
«Կուբաթլուն (Որոտան) կպած էր գյուղին, այնտեղ ծանր մարտեր էին գնում ու դրսից գյուղ գրեթե մարդ չէր գալիս։ Մենք էլ մտածում էինք՝ մանավանդ, որ ոչ մեկը չի գնում էս գյուղ, մենք պիտի գնանք։ Այդ ժամանակ արդեն մտածում էի, որ գյուղում արժե ինչ–֊որ նախագիծ անել՝ դեռ չիմանալով, թե նրան ինչ ապագա է սպասում»,–հիշում է Մեթյուն։
Պատերազմից առաջ Կոռնիձորը ադրբեջանական սահմանից 103 կմ հեռու էր, իսկ հիմա ադրբեջանցիների մոտակա հենակետից ընդամենը 1 կմ է հեռու։ Մեթյույի և Նարեկի կազմակերպությունները՝ All for Armenia-ն և Miaseen-ը, որոշեցին, որ քանի որ այս գյուղը սահման է դարձել, ուրեմն ապագան այս գյուղի ձեռքում է, և հենց այն պետք է հզորացնել։
«ԿոռնիՏան» պաստառը
© Photo : provided by All for Armenia
«Կոռնիձորը վերջին գյուղերից է Սյունիքում, ուրեմն պետք է մեր առաջնահերթությունների մեջ լինի »,–ասում է Նարեկը։
Մեթյուն նշում է՝ պատերազմից հետո նախագծեր իրականացնելն ավելի բարդ է, քան պատերազմի օրերին, քանի որ ադրենալինն իջնում է ու մարդիկ պատրաստ չեն այնքան շատ աշխատել, որքան կռվի օրերին էր։ Բայց երիտասարդները հստակ որոշել էին Կոռնիձորում հիմնավոր բան ստեղծել, և գալիս է ԿոռնիՏան գաղափարը։
«Վերցրել ենք երկհարկանի տուն, որը հրետակոծվել է դեռ առաջին պատերազմի ժամանակ ու 30 տարի լքված վիճակում էր։ Տան երկրորդ հարկում մնալու են մեր կամավորները՝ սփյուռքահայ երիտասարդներ, որոնք ուզում են աջակցել իրենց հայրենիքին Երևանից դուրս։ Իսկ առաջին հարկում լինելու են ուսուցման դասարաններ և լաբորատորիաներ», ֊ ասում է Մեթյուն։
ԿոռնիՏանը տեղացի երեխաները հաճախելու են սեմինարների, որոնք անցկացվելու են սփյուռքահայ կամավորների կողմից, սովորելու են ծրագրավորում, ռոբոտաշինություն, ինքնակենսագրականների պատրաստում, լուսանկարչություն, տեսագրություն, անգլերեն և այլն։
«ԿոռնիՏան» շենքը Կոռնիձորում
© Photo : provided by All for Armenia
«Ստեղծված հարաբերությունները արդյունավետ են թե՛ սփյուռքի, թե՛ գյուղի ժողովրդի ապագայի համար։ Մենք ուզում ենք սփյուռքահայերին զգալ տալ սահմանը և հասկանալ, թե ինչն է վտանգված, մենք բառացիորեն Արցախի դռների մոտ ենք, երբ գտնվում ենք Կոռնիձորում: Ինչո՞ւ է սփյուռքը շահագրգռված գալ այստեղ։ Որովհետև պատերազմից հասկացան, որ Հայաստանը կարող է վերանալ», ֊ ասում է Մեթյուն։
Նախագիծն իրականացնողներն ասում են, որ իրենց գլխավոր նպատակն այն է, որ կոռնիձորցին մնա իր գյուղում ու մտածի՝ ինչո՞ւ երեխային ուղարկի Երևան, եթե նույն դասընթացները կան կողքի տանը։ Գյուղում այժմ 200-ից ավելի երեխա և երիտասարդ կան, որոնք անմիջապես կօգտվեն ծրագրից։
Սփյուռքահայ երիտասարդը չափումներ է անում «ԿոռնիՏան» շենքում
© Photo : provided by All for Armenia
ԿոռնիՏունը պատրաստ կլինի 2022-ի վերջին, այժմ դրամահավաք է իրականացվում, վերջնարդյունքը 60 հազար դոլարն է։ Հիմնական նվիրատվությունները կազմակերպությունը ստանում է ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Կանադայի, Շվեյցարիայի և Գերմանիայի հայերից։