Հայաստանի զբոսաշրջության ոլորտը նոր ղեկավար ունի. ի՞նչ խնդիրներ պետք է լուծի նա

Սիսիան Պօղոսեան
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը շուրջ 1 տարի թափուր էր։ Սուսաննա Սաֆարյանի պաշտոնանկությունից հետո ՀՀ վարչապետը երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել` ում նշանակի երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ուղղության պատասխանատու։
Sputnik
Հունվարի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվեց կանադահայ Սիսիան Պօղոսեանը։ Նրա մասին քիչ բան է հայտնի, բայց այն սուղ տեղեկությունը, որը հրապարակել է Զբոսաշրջության կոմիտեն, տարակուսանք է առաջացրել սոցցանցերում։
Եվ այսպես` Պօղոսեանն իր հիմնական գործունեությունը ծավալել է Կանադայում, վերջին երկու տարիներին Տորոնտոյում անհատ ձեռնարկատիրությամբ է զբաղվել։ Ավարտել է Տորոտնոյի Շուլիչ բիզնես դպրոցը «Մարկետինգ և կազմակերպական վարքագիծ» մասնագիտացմամբ: 15 տարի աշխատել է սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում, հիմնականում զբաղվել է արտադրանքի կառավարմամբ և մարկետինգով։ 2019 թվականին տեղափոխվել է Հայաստան, սկսել է աշխատել երիտասարդ սփյուռքահայերի համար նախատեսված «Birthright Armenia» ծրագրով, որից հետո աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:

«Սիսիանը պատրաստ է ջանքեր ներդնել Հայաստանն աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա տեղակայելու համար՝ ի ցույց դնելով Հայաստանի գեղեցկությունը, ինքնատիպությունը և գրավչությունը», – ասվում է նոր նշանակության առնչությամբ կոմիտեի տարածած մեկնաբանության մեջ։

Facebook–ի հայկական տիրույթում նոր նշանակումը բուռն քննարկումների թեմա է դարձել։ Ոմանք ողջունում են սփյուռքի ներկայացուցչի նշանակումը, մյուսները կտրականապես դեմ են։ Թերահավատների հիմնական փաստարկն այն է, որ զբոսաշրջության հետ կապ չունեցող մարդը չի կարող նման կարևոր ուղղություն ղեկավարել։
Միևնույն ժամանակ իր գործընկերոջը շնորհավորել է Զբոսաշրջության կոմիտեի նախկին ղեկավար Զառա Զեյթունցյանը` Պօղոսեանին հաջողություն մաղթելով պաշտոնում։
Covid-ի դեմ միջոցառումները Հայաստանում կկործանե՞ն զբոսաշրջությունը․ տեսակետները տարբեր են
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը ողջունում է կոմիտեի թափուր մնացած պաշտոնում նախագահ նշանակելու փաստը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ անկախ ղեկավարի բացակայությունից, կոմիտեի աշխատակիցները ուժ ու եռանդ չեն խնայել ամենաբարդ ժամանակահատվածում` համավարակի ֆոնին և պատերազմից հետո, ոլորտի խնդիրները լուծելու համար։

«Մենք մեծ հույսեր ենք կապում կոմիտեի նախագահի հետ։ Ոլորտը շատ խնդիրներ ունի, որոնք պետք է լուծի նոր ղեկավարը», – ասաց Ապրեսյանը։

Նա կարծում է, որ հիմնական խնդիրը, որը պետք է իր առջև դնի Պօղոսեանը` կոմիտեի կարգավիճակի փոփոխումն է։ Հասկանալու համար նշենք, որ վերջին շրջանում կոմիտեի դերը, մեղմ ասած, նվազել է։ Զբոսաշրջության կոմիտեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ենթակա գերատեսչական մարմին է համարվում։ Եթե նախկինում նրա ղեկավարը ենթարկվում էր նախարարին, ապա անցած տարվա վերջից ուղղությունը համակարգում է փոխնախարարը։
Ապրեսյանը կարծում է, որ նոր ղեկավարը պետք է բարձրացնի կառույցի կարգավիճակը, բացատրի իշխանություններին, որ այս ուղղությունն առանցքային է, զբոսաշրջությունը սնում է գրեթե բոլոր ոլորտները։ Կոմիտեն պետք է գտնվի անմիջապես վարչապետի ենթակայության տակ։
Ֆեդերացիայի ղեկավարը նշեց, որ նախևառաջ համալիր փոփոխություններ և ինստիտուցիոնալ բարեփոխումներ են պետք։ «Զբոսաշրջության կոմիտեի հետ պետք է հաշվի նստեն մյուս գերատեսչությունները, ինչն այսօր գրեթե չկա։ Օրինակ` առողջապահության նախարարությունը որոշումներ է կայացնում, որոնք գուցե իրենց տեսանկյունից ճիշտ են, սակայն կարող են վնաս հասցնել ոլորտին։ Այսօր այս հաղորդակցությունը գոյություն չունի, կոմիտեի կարծիքը պարզապես հաշվի չեն առնում», – ասաց Ապրեսյանը։
Հաջորդ քայլը պետք է լինի արաբական մշակույթի օրերի անցկացումը Հայաստանում. Նունե Սարգսյան
Զբոսաշրջության զարգացումը միայն մարկետինգային ընկերությամբ չի սահմանափակվում։ Կոմիտեի նախագահը պետք է հավաքի զբոսաշրջային ամբողջ պրոդուկտը։
Փորձագետի խոսքով` դրան կարելի է հասնել միայն պրոֆեսիոնալիզմի, ակտիվության շնորհիվ, համագործակցելով մասնավոր հատվածի և պետական կառույցների հետ։
Հրատապ լուծում պահանջող խնդիրներից է, ըստ Ապրեսյանի, նաև ոլորտում ներգրավված բոլորի համար լիցենզավորման ներդնումը։ Հատկապես զբոսավարների` տեղացի և օտարերկրյա։

«Դա կարևոր է` հաշվի առնելով այն փաստը, որ մենք պատրաստվում ենք ապաշրջափակել հաղորդակցությունները։ Հակառակ դեպքում լուրջ խնդիրների կբախվենք. յուրաքանչյուր օտարերկրյա զբոսավար մեր երկրի պատմությունը կարող է ներկայացնել իր ուզած ձևով», – ասաց Ապրեսյանը։

Նա ընդգծեց ոլորտի վերահսկման հստակ մեխանիզմների մշակման և վերանայման անհրաժեշտությունը։
Զբոսաշրջության պետական կոմիտեն ստեղծվել է 2016 թվականին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը կից։ Այն ժամանակ կոմիտեի նախագահ էր նշանակվել Զարմինե Զեյթունցյանը։ Նրա առաջ խնդիր էր դրվել առաջիկա 5 տարիների ընթացքում եռապատկել զբոսաշրջիկների թիվը։ «Թավշյա հեղափոխությունից» հետո` 2018 թվականի հուլիսին, կառույցի ղեկավար նշանակվեց Հռիփսիմե Գրիգորյանը։ Սակայն մեկ տարի անց` 2019 թվականին, նրան փոխարինեց Սուսաննա Սաֆարյանը, որը պաշտոնավարեց 2 տարի։
Հիշեցնենք, որ 2021 թվականի տվյալներով` Հայաստան է ժամանել շուրջ 900 հազար զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնակի շատ է։ 2019 թվականին զբոսաշրջային հոսքը հասել էր 2 մլն–ի։