ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հանդիպել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հետ։ Տեղեկությունը հայտնում է Azertaj-ը։
Հանդիպմանը նշվել է բոլոր ոլորտներում բարեկամ և մերձավոր հարևան երկրների համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Շոշափվել են պաշտպանության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտների օրակարգային հարցեր։
Մտքեր են փոխանակվել արդյունավետ համագործակցության հետագա ամրապնդման, այցելությունների կազմակերպման, փորձի փոխանակման ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ իրանա-ադրբեջանական հարաբերությունները նկատելիորեն վատթարացել էին, կողմերը մի քանի շաբաթ շարունակ փոխադարձ մեղադրանքներ ու սպառնալիքներ էին հնչեցնում։
Իրանի իշխանությունները կասկածում էին, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Արդյունքում Իրանի իշխանությունները որոշեցին լայնածավալ զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի սահմանների մոտ՝ միաժամանակ նշելով, որ թույլ չեն տա երրորդ երկրների և օտարերկրյա միջամտողների ներկայությունը Հարավային Կովկասում։
Դեկտեմբերի վերջին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը լիովին վերացված է, իրենք կարողացել են հաղթահարել թյուրիմացությունները։ Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին էլ մի քանի օր անց վստահեցրեց, որ երկու երկրի հարաբերություններում նոր փուլ է սկսվել: