Դատական գործերի ձեռքով մակագրելու երևույթը ցինիզմ է, բիրտ ուժի կիրառում դատական համակարգի նկատմամբ, ինչի դեմ բողոքում են փաստաբանները, ընդդիմադիր պատգամավորները, դատավորներն ու ՄԻՊ–ը։ Վաղ թե ուշ հարցին անդրադառնալու է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և ձեռքով մակագրված բոլոր դատական գործերը բեկանվելու են` դառնալով խնդրահարույց ՀՀ–ի համար, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Ստեղծված վիճակը կապված է «Դատալեքս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի հետ, որտեղ տևական ժամանակ է, ինչ տվյալներ չեն մուտքագրվում, քանի որ 2021 թվականի հուլիսից քրեական գործերից մեկի նախաքննության շրջանակում ԱԱԾ–ի կողմից առգրավվել են դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները:
«Որպես պատրվակ բերվող «անհաղթահարելի ուժ» եզրույթը Քաղաքացիական օրենսգրքով և միջազգային նորմերով արդեն իսկ սահմանված է և վերաբերում է բնական աղետներին, պատերազմներին, որոնք իսկապես հնարավոր չէ հաղթահարել, մինչդեռ նշված դեպքում ունենք ընդամենը ԱԱԾ քննչական վարչության ոմն քննիչի որոշում` սերվերներն առգրավելու մասին։ Վստահաբար պնդում եմ, որ կարելի էր առգրավել սերվերի արխիվային մասը, իսկ մյուս կողմը կարող էր ունենալ ռեզերվային սերվեր։ Ի վերջո,փորձաքննությունը հնարավոր էր իրականացնել երկու-երեք օրվա ընթացքում»,- ասաց ԲԴԽ նախկին նախագահը։
Խնդիրը մինչև հիմա լուծված չէ, և Վարդազարյանի կարծիքով՝ պատճառը շատ պարզ է. կան դատավորներ, որոնք այսօր դարձել են 100 տոկոսով կամակատար և կան գործերր, որոնց առնչությամբ անհրաժեշտ են նախապես պայմանավորված և հստակ որոշված դատական ակտեր, ուստի միայն էլեկտրոնային մակագրությունից խուսափելու պայմաններում հնարավոր է հասնել նման արդյունքի։
ԲԴԽ նախկին նախագահի համոզմամբ` եթե դատարանները չենթարկվեն գործադիր իշխանությանը, դա կլինի արդարադատության հասնելու և արդար դատական համակարգ ունենալու միակ երաշխիքը, իսկ ենթարկվելու պայմաններում կունենանք կախյալ դատարան ու պատվիրված արդարադատություն։
Նշենք` ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ահազանգել է, որ «Դատալեքս» (DataLex) համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները և հնարավորություն չի տալիս վերահսկել դատական գործերի ձեռքով մակագրումը։
Ավելի վաղ Արման Թաթոյանը նշել էր, որ դատական գործերի ձեռքով մակագրության խիստ արատավոր, դատապարտելի պրակտիկան շարունակվում է նաև ՄԻՊ արտահերթ զեկույցից ու Սահմանադրական դատարան դիմելուց հետո: