ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ Ֆրանսիական «Լադանիվա» խումբը եվրոպական երաժշտական հեղինակավոր մրցույթներից մեկի հաղթողների շարքում է։ Հունվարի 20-ին կայացած Music Moves Europe Awards 2022 մրցանակաբաշխության ժամանակ խումբը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։
Հիշեցնենք, որ վեց մարդուց բաղկաացած խմբի վոկալիստը մեր հայրենակից Ժակլին Բաղդասարյանն է։ Նա խմբի միակ հայ անդամն է։
Մրցանակը ստանալիս Ժակլինը բեմից հայերենով շնորհակալություն է հայտնել «Լադանիվայի» ոչ միայն հայ, այլև օտարազգի ունկնդիրներին` իր մայրենի լեզվով կատարվող երգերը լսելու և սիրելու համար։
Հավելենք, որ Music Moves Europe Awards-ը Եվրոպական միության մրցանակն է փոփ և ժամանակակից երաժշտության բնագավառում։ Մրցանակաբաշխության նպատակն է ոչ միայն Եվրոպայում նոր տաղանդներ բացահայտելը, այլև նրանց աջակցելը։ Հաղթողները ստանում են 10․000 եվրոյի չափով դրամական պարգև և հնարավորություն` մասնակցելու վերապատրաստման հատուկ ծրագրի, իսկ «Հանդիսատեսի համակրանքի» մրցանակային ֆոնդը 5000 եվրո է։
Հավելենք, որ այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցում էին 15 մասնակիցներ 15 երկրներից՝ Ուկրաինա, Իտալիա, Ռումինիա, Նիդեռլանդներ, Իռլանդիա, Հունգարիա, Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Ավստրիա, Դանիա, Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա, Պորտուգալիա, Գերմանիա։
Մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացել է Բելգիան ներկայացնող Մեսքերեմ Մեեսը։
Ի դեպ, «Լադանիվան» ներկայացնում էր հենց Հայաստանը։ Հիշեցնենք, որ խումբը շատ արագ հայտնի դարձավ ու սիրվեց հայերի կողմից Ժակլինի հայերեն կատարումների շնորհիվ։ Նախորդ տարի նրանք նաև համերգային ծրագրով եղան Հայաստանում։