Ինչպես ավելացնել արտահանումների ծավալը դեպի Չինաստան. Քերոբյանը խոսել է գործարարների հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերով (20 հունվարի, 2022թ). Երևան
Փորձագետների կարծիքով՝ հայ-չինական համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի, պետք է հասկանալ` ինչ առաջարկել Չինաստանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը նախարարն անձամբ է հայտնել Facebook-ի իր պաշտոնական էջում։

«Քննարկել ենք՝ ինչ կարող է անել պետությունը գործարարների հետ միասին դեպի չինական շուկա հայկական արտադրանքի արտահանումներն ավելի արդյունավետ կազմակերպելու և արտահանման ծավալներն ավելացնելու համար»,- նշված է գրառման մեջ։

Նշենք, որ հանդիպումը կայացել է հունվարի 20-ին։
Նշենք, որ նախորդ տարի նոյեմբերին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել էր Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Դեսպանի հետ զրույցում Արշակյանը նշել էր, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական և հումանիտար։
«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ». Փաշինյան
Հավելենք, որ ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում չինագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանը նշել էր, որ 2016 թվականից հայ-չինական հարաբերությունները լճացած են, քանի որ Հայաստանը չունի Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու սեփական ճանապարհային քարտեզ։
Նրա կարծիքով՝ հայ-չինական հարաբերությունները զարգացնելու ներուժ կա։ Օրինակ` կարելի է Չինաստանի հետ համագործակցել «Մետաքսի թվային ճանապարհի» շրջանակում, բայց Հայաստանը չի հասկանում` կոնկրետ ինչ առաջարկել Չինաստանին, ինչպես զարգացնել այդ հարաբերությունները։