Դավիթ Տոնոյանի և մյուսների խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին

Դատարանի շենք
Դավիթ Տոնոյանի պաշտպանը վստահ է, որ իրավական տեսանկյունից իրենք 200 տոկոսանոց շանսեր ունեն, բայց գործընթացը նաև տարակուսանք է առաջացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի –Sputnik․ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հունվարի 24-ին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ։

«Եթե զուտ իրավական տեսանկյունից նայենք, մեր շանսերը շատ են, 200 տոկոսանոց շանսեր ունենք, բայց, հաշվի առնելով, թե նախաքննությունն ինչ ուղղությամբ է ընթացել, ինչեր են տեղի ունեցել նախաքննության ընթացքում, ինչեր են դրվել այս մարդկանց կալանքի հիմքում, նաև հաշվի առնելով, որ պրոցեսի ընթացքում դատարանի կողմից ընդհանրապես որևէ մեկին, անգամ մեղադրողներին որևէ հարց չհնչեցվեց, թե ի վերջո որքան պետք է այս մարդիկ մնան կալանքի տակ, ում և ինչպես պետք է խոչընդոտեն, այս ամենը մեզ մի քիչ տարօրինակ է թվում»,- նշեց Սերգեյ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ պաշտպանական կողմի մոտ տպավորություն է ստեղծվել, թե միևնույն էր՝ ինչ կհնչի դատարանում, թեպետ դատարանը համբերատար լսում էր։ Հովհաննիսյանի խոսքով՝ այնուամենայնիվ, թե ինչ որոշում կկայացնի դատարանի, միայն երկուշաբթի օրը պարզ կլինի։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ նույն մեղադրանքով անցնող մարդկանց նկատմամբ նույն խափանման միջոցը չի ընտրվել, Հովհաննիսյանի խոսքով, միայն ողջունելի է։
«Մեզ համար միայն ողջունելի է, որ այլ անձանց նկատմամբ խափանման միջոց կիրառված չէ կամ ընտրված է կալանավորման հետ չկապված այլ խափանման միջոց»,- նշեց նա։
Հովհաննիսյանը հավելեց՝ ցանկալի կլիներ, որ նույն մեղադրանքի պարագայում բոլորի նկատմամբ հավասար վերաբերմունք դրսևորվեր, բայց դրական առումով, այսինքն՝ ընտրվեր ազատության հետ կապված խափանման միջոց կամ առհասարակ խափանման միջոց չընտրվեր։
Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Դատարանը դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է կալանավորված անձանց խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջել է նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։ Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել են պաշտպանության նախկին նախարարին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։