Անհապաղ վերականգնե'լ «Դատալեքսի» գրառումները. Թաթոյանն ահազանգում է խախտումների մասին

Տևական ժամանակ է, ինչ «Դատալեքս» համակարգում տվյալներ չեն մուտքագրվում, որի պատճառով լուրջ դժվարությունների առաջ են կանգնել փաստաբանները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. «Դատալեքս» (DataLex) համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները և հնարավորություն չի տալիս վերահսկել դատական գործերի «ձեռքով» մակագրումը։ Այս մասին ահազանգում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Նշվում է, որ ստեղծված վիճակը կապված է «Դատալեքս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի հետ, որտեղ տևական ժամանակ է, ինչ տվյալներ չեն մուտքագրվում:
Դատական գործերի «ձեռքով» մակագրության պրակտիկան շարունակվում է, լուրջ հարցեր են առաջ գալիս
««Դատալեքս» համակարգում տվյալներ չհրապարակելը հատկապես մտահոգիչ է այն պայմաններում, երբ շարունակվում է դատական գործերի «ձեռքով» մակագրության` մարդու իրավունքների խախտումներ առաջացնող արատավոր պրակտիկան: Հարցն այն է, որ «Դատալեքսը» կարևոր է ոչ միայն նրանով, որ հանրությանը հասանելի են դարձվում դատական գործընթացների մասին տվյալներ, այլ նաև այն տեսանկյունից, որ դա կարևոր միջոց է դատարանների նկատմամբ հանրային վերահսկողության համար»,–հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
«Դատալեքսում» գրառումների բացակայությունը հնարավորություն չի տալիս ՄԻՊ–ին, փաստաբաններին, դատավարության մասնակիցներին կամ հանրությանը վերահսկել, թե արդյոք դատական կազմերի դատավորները ընտրվում կամ կոնկրետ դատավորներին գործերը մակագրվում են խախտումներով:

«ՄԻՊ աշխատակազմում «Դատալեքսի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համակարգում վարչական գործերով տվյալներ չկան 2021 թվականի դեկտեմբերի 10-ից, քրեական գործերով՝ դեկտեմբերի 23-ից, քաղաքացիական, սնանկության գործերով և վճարման կարգադրություններով՝ դեկտեմբերի 24-ից»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՄԻՊ–ը շեշտում է, որ տվյալների ստացման լուրջ դժվարությունների առաջ են կանգնել փաստաբանները:Այս վիճակը խախտում է նաև մարդու բողոքարկման իրավունքը:
Շեշտվում է, որ նշված վիճակն անթույլատրելի է և պետք է անհապաղ վերականգնել ԴատաԼեքս համակարգում գրառումները և դրանով վերացնել մարդու իրավունքների խախտումների ռիսկերը և արդեն տեղի ունեցած խախտումները:
Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել` նշելով, որ դատական գործերի «ձեռքով» մակագրության «խիստ արատավոր, դատապարտելի պրակտիկան» շարունակվում է նաև ՄԻՊ արտահերթ զեկույցից ու Սահմանադրական դատարան դիմելուց հետո:
ՄԻՊ–ի խոսքով` խաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբեյտիվությունը և առաջին հերթին վտանգված է անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության` յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը: