Այս շան հետ արդեն 2–րդ անգամ ենք աշխատում. ռուս խաղաղապահներն ականազերծում են Արցախը

Ռուս խաղաղապահները չպայթած զինամթերքից մաքրում են բնակավայրերն ու հարակից տարածքները, որոնք նախատեսված են գյուղատնտեսական աշխատանքների և արոտավայրերի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը մեկ շաբաթում ժամանակակից սարքավորումների և վարժեցված շների օգնությամբ Լեռնային Ղարաբաղում 1 հա տարածք են մաքրել չպայթած ականներից և արկերից։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
Ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Չերնիկովը պատմում է, թե ինչպես է Երեմեյ անունով արևելաեվրոպական հովվաշունը 7 տարի օգնում իրենց։

«Այս շան հետ Լեռնային Ղարաբաղում արդեն երկրորդ անգամ ենք աշխատում։ Շան օգնությամբ գտել ենք մոտ 15-30 ենթադրյալ պայթուցիկ առարկա, որոնցով զբաղվում են սակրավորները»,– նշել է նա։

Ամեն օր ռուս խաղաղապահները Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների սահմանազատման գծի մոտակայքում աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման ուղղությամբ: Զինծառայողները մաքրում են բնակավայրերն ու հարակից տարածքները, որոնք նախատեսված են գյուղատնտեսական աշխատանքների և ընտանի կենդանիների արոտավայրերի համար:
Խաղաղապահներն Արցախում ապահովել են մոտ 2000 մարդու մուտքի և ելքի անվտանգությունը
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի ռուսական ինժեներասակրավորական խմբերի հիմնական խնդիրը տեղանքի, ճանապարհների և ենթակառուցվածքների օբյեկտների ականազերծումն է, ինչպես նաև ինժեներական հետախուզության վարումը: