Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորումն է. Չավուշօղլու

Մևլութ Չավուշօղլու. Արխիվային լուսանկար
Հունվարի 14-ին առաջին անգամ կայացավ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործով հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորումն է։ Հատուկ ներկայացուցիչները քննարկում են այդ ուղղությամբ քայլերը, NTV-փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ 2022թ–ի հունվարի 14-ին առաջին անգամ կայացավ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը Մոսկվայում։ Հայկական կողմը հանդիպումից հետո հայտարարեց, որ այն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները վաղուց պայմանավորվել են ամեն ինչ. Մանոյան
«Առաջին հանդիպման ժամանակ քննարկվել են գործընթացն ու նպատակները։ Նպատակը ամբողջական կարգավորումն է։ Հայաստանը նույնպես գոհ է դրանից։ Հատուկ ներկայացուցիչներն ուսումնասիրում են, թե ինչ քայլեր կարելի է անել։ Դրա շուրջ աշխատանք է տարվում, քննարկվում են վստահության ամրապնդման քայլերը»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։