ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` շտապօգնության ավտոմեքենան ժամը 18։00-ի սահմանում Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 2-րդ շենքի մոտից պարանոցի մասում սուր-կտրող ծակող առարկայից ստացած վնասվածքով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու, որը ճանապարհին մահացել է։
Բուժկենտրոնը կատարվածի մասին տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արտակ Օվակյանն է։ Իրավապահները պարզել են նաև կասկածյալի ինքնությունը, որը նույնպես Աբովյան քաղաքի բնակիչ է։
Կայքի տեղեկություններով՝ նա 33-ամյա Սուրեն Բաղրամյանն է, որին արդեն հայտնաբերել են ու բերման ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։
Համայնքային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացած դանակը։