Սահմանին ապաէսկալացման վերաբերյալ Երևանը դեռ պատասխան չի ստացել Բաքվից. ԱԽՔ

Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը գրավոր առաջարկություններին գրավոր պատասխան է ակնկալում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Սահմանին իրավիճակի ապաէսկալացման առաջարկությունների վերաբերյալ Հայաստանը դեռ գրավոր պատասխան չի ստացել Ադրբեջանից։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով ՝ առաջարկը փոխանցվել է Բաքվին գրավոր, պատասխանն ակնկալվում է գրավոր:
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտնել էր, որ Հայաստանը Մոսկվայի միջոցով Ադրբեջանին է փոխանցել սահմանային գոտում ապաէսկալացման առաջարկների փաթեթը: Նա հավելել էր, որ առաջարկները բխում են վարչապետի կողմից մշտապես բարձրացվող՝ զորքերի հայելային հեռացման և անվտանգության լրացուցիչ մեխանիզմների ստեղծման հարցերից։ Ակնկալվում է, որ առաջարկների իրագործումը կարող է արագացնել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ստեղծումը:
Քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն. Միրզոյանը` արցախյան խնդրի մասին
Գրիգորյանն ընդգծեց, որ զորքերի հնարավոր դուրսբերման հիմքում ընկած են խորհրդային շրջանի քարտեզները:
Նշենք, որ սահմանին պարբերաբար սրացում է տեղի ունենում, վերջին միջադեպը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում հունվարի 11–ին, որի հետևանքով զոհվել է 3 հայ ժամկետային զինծառայող։
Նա հերքեց որոշ փորձագետների պնդումներն այն մասին, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանի որոշ բնակավայրեր կհայտնվեն չեզոք գոտում։