ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է, որ սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է:
«Կարծում եմ՝ հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա: Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի: Խոսքը պայմանավորվածությունների մասին է: Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»,- նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը
Նա հավելել է, որ այդ պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում:
Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների, եզրափակել է Վահան Հունանյանը:
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ Բայրամովն ասել էր, որ «Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկին առանց որևէ նախապայմանի»:
Նույն օրը ՀՀ Ազգային ժողովում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով դեռևս չի ստեղծվել, ժամկետներ էլ հստակ չկան։
Միրզոյանի խոսքով` ներկայում քննարկվում են այն պայմանները, որով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել։
Հանձնաժողովի ստեղծման ժամկետների հարցում, ըստ Միրզոյանի, հստակություն չկա, սակայն խոսքը մոտալուտ գործընթացի մասին է։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։ Ադրբջանցիները վերահսկողություն են հաստատել նաև Գորիս-Կապան ավտոմայրուղու մի հատվածում՝ պնդելով, որ ըստ խորհրդային քարտեզների, դա իրենց տարածքն է։։