ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Կրտսեր Ջիվան Գասպարյանն ու Մարիամ Մերաբովան ելույթ կունենան լեգենդար Մինինի երգչախմբի «Երգչախումբ առանց սահմանների» հոբելյանական փառատոնի բացմանը։ Այս մասին հայտնում է երգչախմբի մամուլի ծառայությունը։
Համերգային ծրագրում ներառված են «Չիչեսթերյան սաղմոսները», ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնի «Կանդիդ» օպերետից հատվածներ, ինչպես նաև կոմպոզիտոր Կառլ Ջենկինսի Stabat Mater–ը։
Մարիամ Մերաբովան և կրտսեր Ջիվան Գասպարյանը, մասնավորապես, կկատարեն Stabat Mater–ի իրենց պարտիաները, որում զուգակցված են արևելյան, եվրոպական և ամերիկյան մշակույթները։
Մարիամ Մերաբովան խոստովանել է, որ հրավերը ստանալուց հետո մի պահ մտածել է, բայց, այնուամենայնիվ, հաճույքով է ընդունել այն։
«Ջենկինսի երաժշտությունն անհավանական է, բայց չէ՞ որ ես հիմնականում ջազային և էստրադային երգչուհի եմ (իհարկե, դասական կրթությամբ)։ Իսկ այստեղ էթնիկա է. ինչպե՞ս դա երգել, ինչպե՞ս կզգամ ու կմատուցեմ այն... Այնուամենայնիվ կարծում եմ, որ այդ երաժշտությունը և՛ ձայնիս է համահունչ, և՛ սրտիս։ Վերջին կասկածներս ու հիպոթետիկ վախերս մի կողմ դրեցի` լսելով «Մինինի երգչախումբ» բառակապակցությունը», – ասել է նա։
Ջենկինսի ստեղծագործության երրորդ մեներգչուհին հայտնի մեցցո–սոպրանո, Մեծ թատրոնի մենակատար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ագունդա Կուլաևան է։
Մինինի երգչախմբի համար, որը 2022 թվականի ապրիլին կնշի 50-ամյակը, հոբելյանական փառատոնն այս խաղաշրջանի գլխավոր իրադարձությունն է։ Այս տարվա փետրվար–հունիսին համերգներ կանցկացվեն Մոսկվայի լավագույն դահլիճներում, դրանց կմասնակցեն տարբեր ժանրերում ու երաժշտական և թատերական արվեստի ուղղություններում հանդես եկող ականավոր երաժիշտներ, ինչպես նաև հայտնի սիմֆոնիկ կոլեկտիվներ։
Փետրվարի 7-ին բացման համերգը կկայանա Մոսկվայի Երաժշտության միջազգային տան «Սվետլանովսկի» դահլիճում։ Համերգի դիրիժորներն են հայտնի օպերային երգիչ Դմիտրի Կորչակն ու Մինինի երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիմոֆեյ Գոլբերգը։ Երեկոն կվարեն «ՏԷՖԻ»–ի մրցանակակիրներ Սաթի Սպիվակովան և Յուլիան Մակարովը։
Տիմոֆեյ Գոլբերգի խոսքով` բացման համերգի համար ընտրվել է XX և XXI դարերի երաժշտությունը։
Միևնույն ժամանակ, Մինինի երգչախմբի տնօրեն Դմիտրի Սիբիրցևը նշել է, որ որոշակի առումով և՛ փառատոնը, և՛ ծրագիրը խորը երախտագիտության արտահայտում են մաեստրո Մինինին։
Հիշեցնենք, որ 2019 թվականին մեծագույն դիրիժորներից մեկը` երգչախմբի հիմնադիր Վլադիմիր Մինինը, երգչախմբի ղեկավարումը փոխանցեց Տիմոֆեյ Գոլբերգին։