ՀՀ նախագահը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կայուն խաղաղություն կհաստատեն

Արմեն Սարգսյանն ընդգծել է՝ պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են, որ պետք է հարևանների հետ խնդիրներ չունենալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Sky News Arabia հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նաև տարածաշրջնային զարգացումներին, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
ՀՀ նախագահն ընդգծել է, որ քաղաքականության մեջ կայունություն է պետք։
Քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն. Միրզոյանը` արցախյան խնդրի մասին
«Հայաստանն ու Ադրբեջանն ունեին բանակցելու հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն էր: Ցավոք, այդ բանակցությունները չհաջողեցին, և ունեցանք պատերազմ, որն ամենավատ տարբերակն էր»,–ասել է նախագահը։
Սարգսյանը հույս է հայտնել, որ եռակողմ բանակցությունների արդյունքում տարածաշրջանում կլինի կայուն ու պրագմատիզմի վրա հիմնված խաղաղություն:
«Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել: Սակայն դա հեշտ չէ»,–նշել է նախագահը:
Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին:
Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորումն է. Չավուշօղլու
Նրա խոսքով` պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են, որ պետք է հարևանների հետ խնդիրներ չունենալ։
«Կրկին կարծում եմ, որ այս դեպքում ևս չկա ուրիշ ճանապարհ՝ բացի խոսելուց»,–նշել է նախագահը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Թուրքիան մեկ անգամ փորձել են բանակցել 2009 թվականի հոկտեմբերին, և նույնիսկ արձանագրություն էր ստորագրվել Ցյուրիխում:
«Այդ ժամանակ նույնպես ես թերահավատ էի մի քանի պատճառով: Դրանցից մեկն այն էր, որ այդ բանակցություններում թուրքական կողմում բացակա կար՝ Ադրբեջանը: Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ ուներ և Թուրքիայի հետ համաձայնության չէր հասնի առանց Ադրբեջանի: Հայկական կողմում ևս բացակա կար՝ Սփյուռքը»,–նշել է նա։
Էրդողանը կառավարության հետ կքննարկի ՀՀ–ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
ՀՀ նախագահն ընդգծել է, որ դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են: Սակայն դրանք պարզ բանակցություններ չեն երկու երկրների միջև: Այս դեպքում հնարավոր չէ հաշվի չառնել այն պատմությունը, որի միջով անցել ես: