ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

ՀԱՊԿ-ը իր պատասխանատվության տարածքում ամրապնդվում է որպես առանցքային կառույց. Զախարովա

Ղազախստանի ճգնաժամային իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ը ցույց տվեց իր կանոնադրության շրջանակներում արագ ու վճռական գործելու կարողությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դերը տարածաշրջանում կմեծանա՝ որպես անվտանգության առանցքային կառույց։ Ավելին, համաշխարհային անկայունության ֆոնին կաճի նաև կազմակերպության գործողությունների պահանջարկը։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՀԱՊԿ-ը ավելի ու ավելի է ուժեղանում՝ որպես իր պատասխանատվության տակ գտնվող տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն ապահովող առանցքային կառույց: Ակնհայտ է, որ շարունակվող գլոբալ անկայունության, տարածաշրջանային հակամարտությունների սրման համատեքստում ՀԱՊԿ-ի դերն ու պահանջարկն առաջիկայում էլ ավելի կմեծանա»,- ընդգծել է Զախարովան։

Նրա խոսքով` Ղազախստանում ճգնաժամային իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ը ցույց տվեց իր կանոնադրության շրջանակներում արագ ու վճռական գործելու կարողությունը։
Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ՀԱՊԿ–ը կարողանում է ժամանակին հակազդել իրադարձություններին
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին և ավարտվել հունվարի 19–ին:
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: