Հայաստանին է մոտենում COVID-ի համավարակի հերթական ալիքը. Փաշինյան

Ըստ վարչապետի, Հայաստանը դարձյալ պետք է վերադառնա կորոնավիրուսի հետ կապված «տագնապային վիճակի»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանին է մոտենում COVID-ի համավարակի հերթական ալիքը: Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք 4-5-րդ օրն անընդմեջ ամենօրյա վարակվածության էական աճ ենք ունենում: Երեկվա համեմատ դեպքերի թիվը համարյա կրկնապատկվել է: Սա նշանակում է, որ «Օմիկրոն» շտամը, որը հայտնի է իր տարածելիության մեծ արագությամբ, արդեն կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, և այդ պատճառով մենք պետք է դարձյալ վերադառնանք կորոնավիրուսի հետ կապված տագնապային վիճակի»,- ասաց Փաշինյանը:
621 նոր դեպք, 1 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
ՀՀ վարչապետը շեշտեց, որ կառավարության սահմանած սահմանափակումների հասցեին հնչող քննադատությունները որևէ հիմք չունեն: Հանրային սննդի ու մշակութային վայրերում մուտքի սահմանված սահմանափակումները, նրա խոսքով, տեսչական մարմինների կողմից ամենայն խստությամբ վերահսկվելու ու պահպանվելու են, անհրաժեշտության դեպքում՝ տնտեսվարողը ենթարկվելու է վարչական պատասխանատվության:
«Հակառակ դեպքում, երբ որ մեր հիվանդանոցներն ամբողջությամբ լցվեն ու մենք հնարավորություն չունենանք մարդկանց բուժօգնություն ցույց տալ, մենք ստիպված կլինենք գնալ «լոքդաունի», բոլոր ռեստորանները, խանութները կարող են մեկ ամսով փակվել»,- ասաց նա: