Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

Դավիթ Տոնոյան
Փաստաբանը Sputnik Արմենիային հայտնեց` ովքեր են միջնորդություն ներկայացրել, և երբ կհրապարակվի որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

«Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող»)։ Վաղը, ժամը 11–ին հրավիրված դատական նիստում որոշումը կկայացվի»,-ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: