Կորոնավարակի դեմ պատվաստված քաղաքացիներն «Օմիկրոն» շտամի նկատմամբ նույնքան խոցելի են, որքան չպատվաստվածները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանը։
«Բուստեր դոզան ստանալու դեպքում «Օմիկրոն» շտամը չենք շրջանցում, բայց տանում ենք շատ թեթև։ Պատվաստանյութերը շրջանցում են «Օմիկրոնը», հակամարմիններ չեն արտադրում։ Բուստերային դոզան ստանալուց հետո մարդն ավելի պաշտպանված է լինում»,- նշեց նա։
Սրտաբանի խոսքով` եթե «Դելտա» շտամի դեպքում թիրախային էին համարվում 65-ից բարձր տարիքային խմբի մարդիկ, «Օմիկրոն» շտամը երեխաներին, երիտասարդներին է ավելի շատ ախտահարում։
Հիվանդության ընթացքը կարճ է տևում` 3-5 օր, և շատ նման է սուր վարակիչ հիվանդությունների կամ մրսածության ախտանիշներին։ Կլինիկական ախտանշաններն ի հայտ են գալիս վարակվելուց 3 օր հետո։
«Օմիկրոնն ավելի շուտ ախտահարում է վերին շնչուղիները և ավելի քիչ է անցնում դեպի թոքեր։ Ունենք ընդամենը մոտ 20 տոկոս թոքաբորբի հավանականություն, իսկ «Դելտան» 90 տոկոս էր թոքերն ախտահարում։ «Օմիկրոնը» որևէ հատուկ մոտեցում չի պահանջում, ինչպես «Դելտան»»,- ընդգծեց Մանուկյանը։
Թերապևտ–սրտաբանը կարծում է, որ առաջիկայում կունենանք վարակվածության ևս մեկ հզոր ալիք, քանի որ «Օմիկրոնը» մոտ 4-5 անգամ ավելի բարձր վարակելիություն ունի, քան «Դելտան»։
Ի դեպ, ԱՀԿ կանխատեսումներով` ամբողջ աշխարհում առաջիկա երեք ամիսները ամենածանրն են լինելու համավարակի տարածվածության առումով։