ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

ՀԱՊԿ-ի ղազախստանյան փորձը կվերլուծեն կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար

ՀԱՊԿ գործողության փորձը կկիրառվի, եթե Ղազախստանի «սյուժեն» կրկնվի այլ պետություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Ռուսաստանի իշխանությունը ՀԱՊԿ–ի ղազախստանյան գործողության նշանակությունն ու արդյունքները կուսումնասիրի կազմակերպության բոլոր մասնակից երկրների հետ, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Ղազախստանցի գործընկերների ու ՀԱՊԿ-ի գծով մեր դաշնակիցների հետ համատեղ մանրամասն կվերլուծենք հաջողված առաքելության փորձը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում գտնվող մյուս պետություններում նման «սյուժեների» կրկնության դեպքում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար», - ասել է նա:

Պաշտոնյայի կարծիքով՝ դաշնակիցների խաղաղապահ զորակազմը ցուցադրեց իր` միջազգային ահաբեկչությանը հակազդելու արդյունավետ մեխանիզմ լինելը։ Սիրոմոլոտովն ավելացրել է, որ հենց այդ սպառնալիքն է հիմք դարձել ՀԱՊԿ-ի ուժերը Ղազախստան մտցնելու համար:
«Հենց այդ պատճառով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, Հավաքական անվտանգության պայմանագրի 4- րդ հոդվածի համաձայն, հունվարի 6-ին որոշեց ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան», - պարզաբանել է նա:
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
ՀԱՊԿ-ն իր գործն արեց ու կարող է հեռանալ. փորձագետները՝ ղազախստանյան առաքելության մասին
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվեց հունվարի 13-ին, ավարտվեց դեկտեմբերի 19-ին:
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: