Հայաստան է եկել Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հանդիպել է Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետ Դիմոկրիտոս Զերվակիսի հետ (19 հունվարի, 2022թ)․ Երևան
Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել հետագա փոխգործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, որոնք կյանքի կկոչվեն այս տարի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հունվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հանդիպումը:
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հանդիպել է Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետ Դիմոկրիտոս Զերվակիսի հետ (19 հունվարի, 2022թ)․ Երևան
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:
Կիպրական կողմին են ներկայացվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում առկա մարտահրավերները: Քննարկվել են նաև երկու երկրների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը միտված համագործակցության ուղղությունները՝ առկա մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու նպատակով:
Կարևորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ 2019 թվականին նախաձեռնված Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցությունը, որի շրջանակում 2021թ․-ին արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ:
Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետ Դիմոկրիտոս Զերվակիսի հետ (19 հունվարի, 2022թ)․ Երևան
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին Արցախի հարցում հստակ դիրքորոշման և միջազգային հարթակներում աջակցության համար, հաստատել հայկական կողմի դիրքորոշումները Կիպրոսի հիմնահարցի և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը և հայտնել հայկական կողմի պատրաստակամությունը այս ուղղությամբ ստեղծված միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ։

Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը հաստատել է բոլոր ուղղություններով համագործակցությունը զարգացնելու և նոր ոլորտներ նախաձեռնելու կիպրական կողմի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել հետագա փոխգործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, որոնք կյանքի կկոչվեն այս տարի:
Զերվակիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եղել ՀՀ ՊՆ մի շարք զորամասերում:
Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետ Դիմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ (19 հունվարի, 2022թ)․ Երևան