ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Բաքուն կողմ է սահմանազատման գործընթաց սկսելուն։ Այս մասին Վիեննայում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկին առանց որևէ նախապայմանի», - նշել է Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանը:
Նշենք, որ թեմային այսօր` հունվարի 19–ին, ՀՀ Ազգային ժողովում անդրադարձել էր նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով դեռևս չի ստեղծվել, ժամկետներ էլ հստակ չկան։
Միրզոյանի խոսքով` ներկայում քննարկվում են այն պայմանները, որով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել։
Հանձնաժողովի ստեղծման ժամկետների հարցում, ըստ Միրզոյանի, հստակություն չկա, սակայն խոսքը մոտալուտ գործընթացի մասին է։
ԱԳ նախարարը շեշտել էր, որ պարզելու և համաձայնեցնելու հանգամանքներ կան, որոնք իրականացնելուց հետո հանձնաժողովը կձևավորվի ու կսկսի գործել։