«Անորակ հրթիռների» գործը դռնփակ կքննվի. մեղադրյալներն ու փաստաբանները դեմ են

Երեմ Սարգսյան
Երեմ Սարգսյանը նկատեց, որ նախաքննական մարմինները, դատախազությունը և որոշ պաշտոնյաններ հրապարակել են գործի մանրամասները, ուստի գաղտնիության մասին խոսելն ավելորդ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Դատավոր Մանվել Շահվերդյանը որոշել է «անորակ հրթիռների» մասին դատական գործը քննել դռնփակ, սակայն ամբաստանյալները դեմ են դրան։ Այդ մասին հայտնեց ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա նշեց, որ դատախազությունն է պահանջել նիստը դռնփակ անցկացնել, սակայն բոլոր ամբաստանյալներն ու նրանց փաստաբանները դեմ են եղել դրան։ Ավելին` միջնորդել են կիսափակ ռեժիմով քննել գործը, սակայն դատարանը որոշել է մերժել միջնորդությունները և դատարանի դահլիճ չթողնել լրագրողներին ու հանրության ներկայացուցիչներին։ Փաստաբանը նկատեց, որ հա՛մ նախաքննական մարմինները, հա՛մ դատախազությունը, նաև որոշ պաշտոնյաններ հրապարակել են գործի մանրամասները, և այս իրավիճակում ավելորդ է խոսել գաղտնիության մասին։

«Մենք ցանկանում էինք, որ հրապարակային քննարկվեին բոլոր փաստերը, պարզ լիներ` իրականում ինչ է տեղի ունենում։ Այլ ոչ թե ընտրած փաստերի վրա պատկեր ստեղծվեր», - ընդգծեց նա։

Բայց այդ, փաստաբանները ենթադրում են, որ գործի մակագրումն իրականացվել է ոչ էլեկտրոնային տարբերակով։ Ըստ Սարգսյանի` գործը Շահվերդյանին է մակագրվել ընթացակարգի խախտմամբ, ոչ այբբենական հերթականությամբ, ինչպես նախատեսում է կարգը։
«Եթե մակագրումը իսկապես ձեռքով է կատարվել ու կարգի խախտմամբ, ապա միջնորդելու ենք, որ դատավորը ինքնաբացարկ ներկայացնի», – ասաց նա։
Դատախազության դիրքորոշումը զավեշտալի է. Դավիթ Տոնոյանի փաստաբան
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: