Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովել է ավելի քան 100 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարասի վանք, որը գտնվում է ԼՂ սահմանազատման գծում, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Ժամանակակից ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով ռուս խաղաղապահների ուղեկցմամբ վանք ժամերգության են ժամանել ԼՂ քաղաքաների և հեռավոր շրջաների բնակիչներ, ինչպես նաև ուխտավորներ Հայաստանից։
«Ռուս խաղաղապահներն իրականացնում են Ամարասի վանական համալիր ժամանող ուխտավորների անվտանգության ապահովումը, վանքը գտնվում է սահմանազատման գծի մոտակայքում։ Այդ պատճառով անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը։ Բացի այդ, նախքան այցելությունը անձնակազմը ստուգում է վանական համալիրը` պայթյունավտանգ իրերի առկայությանը պարզելու նպատակով», – ասել է խաղաղապահների ներկայացուցիչ Դմիտրի Օրլովը։
ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարբերաբար ապահովում են Մարտունու շրջանում գտնվող Ամարասի վանք այցելելու ցանկություն ունեցող ուխտավորների անվտանգությունը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: