Պրոֆեսոր Չարչյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը. փաստաբան

Արմեն Չարչյան
Էրիկ Ալեքսանյանի խոսքով` Չարչյանն այս պահին գտնվում է ստացիոնար բուժման մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատը վայր չի դնի։ Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հերքել է լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը։

«Հասարակությանը ցանկանում եմ տեղեկացնել, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Պրոֆեսոր Արմեն Չարչյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը», –Facebook–ի իր էջում գրել է Ալեքսանյանը։

Նրա խոսքով` Չարչյանն այս պահին գտնվում է ստացիոնար բուժման մեջ՝ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում քայքայված առողջական վիճակը կայունացնելու համար։
Ալեքսանյանը լրատվամիջոցներին կոչ է անում ապատեղեկատվություն չտարածել, հակառակ դեպքում նման արարքը կունենա իրավական հետևանքներ։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 9-ին որոշեց, որ պատգամավորը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Դատարանն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Հաջորդ օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։