Կճոյանի նկատմամբ երկու տարի քննված գործը կարճվել է. «Ժողովուրդ»

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
2013թ–ին մամուլը գրեց, որ Կճոյանի անունը կապված է օֆշորային գործարքի հետ։ Սրբազանը հերքեց մամուլում տարածված լուրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը կարճել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Ըստ թերթի` Կճոյանը օֆշորային սկանդալի գործով մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ, բայց առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Երկու տարի տևած նախաքննությունից հետո քրգործը կարճվել է։
Ի՞նչ է արել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր «Բենթլիի» վաճառքից ստացած գումարը
Մեղադրանքը հոգևորականին առաջադրվել էր գործարար Փայլակ Հայրապետյանի հաղորդման հիման վրա, որը Կճոյանին մեղադրել էր իրեն ունեզրկելու մեջ։ Նույն գործով որպես մեղադրյալ էր ներգրավված նաև գործարար Աշոտ Սուքիասյանը, որը Նավասարդ Կճոյանի սանիկն է։
Հիշեցնենք` 2013թ–ին մամուլը գրեց, որ Կճոյանի անունը կապված է օֆշորային գործարքի հետ։ Սրբազանը հերքեց մամուլում տարածված լուրերը` նշելով, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին:
2020 թվականի ապրիլի 15-ին ԱԱԾ–ն հայտարարություն տարածեց, որ քրեական գործերից մեկի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:
Կճոյանի փաստաբան Հովիկ Արսենյանը Sputnik Արմենիային ասել էր, որ իր պաշտպանյալը հարցաքննվել է տվյալ քրեական գործով որպես մեղադրյալ, մինչդեռ գործն ի սկզբանե հարուցվել էր առանց նրան որպես վկա հարցաքննելու: