ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Առողջապահության նախարարությունը շտկել է ԱՆ էլեկտրոնային տեղեկատվական բազայի մահվան տվյալները` դրանք համապատասխանեցնելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած վիճակագրությանը: Խոսքը վերաբերում է կորոնավիրուսից (COVID-19) մահվան դեպքերին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հայտնել էինք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2020–ին 3545 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, իսկ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` 2828։
Կառավարության 2021թ–ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչու են ԱՎԾ-ն ու նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել։
«Կորոնավիրուսից (COVID-19) մահվան դեպքերի վերաբերյալ հրապարարակված տվյալներում առկա տարբերությունները պարզելու մասին ՀՀ վարչապետի հանձնարարության համաձայն` ուսումնասիրվել է ՀՀ առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված` կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահվան դեպքերի տարբերությունը»,–ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Վիճակագրական ծառայության կողմից հրապարակված բոլոր դեպքերն անհատապես համադրվել են կորոնավիրուսային հիվանդություն ունեցած անձանց տվյալների հետ, տվյալներն արդեն ճշտվել և մուտքագրվել են բազա։
Հիշեցնենք` Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս հարցի առնչությամբ նշել էր, որ ժամանակի ընթացքում ուղղակի որոշ տվյալներ չեն ներառվել հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի «Արմեդ» համակարգ:
Նա ասել էր, որ վարչապետի հանձնարարականի համաձայն` ուսումնասիրությունները շարունակվում են և ամբողջական պատկեր ունենալու պարագայում հանրությանը կտեղեկացնեն: