ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Առաջին անգամ չէ, որ Բաքվի բռնապետը ծաղրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, փակված հայտարարում Ղարաբաղյան հակամարտության էջը։ Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը, 2021–ի ամփոփիչ ասուլիսում այս մասին ասաց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ Ադրբեջանն արդեն իսկ կարգավորել է այն։ Ալիևը շեշտել էր` Մինսկի խումբը չի զբաղվելու այդ հարցով, քանի որ Ադրբեջանը թույլ չի տա։
«Ալիևն օրեցօր ավելի ու ավելի է լկտիանում համանախագահների լռության հետևանքով։ Ոչ միայն ծաղրում է, այլև երբեմն նվաստացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը։ Համանախագահները պետք է կոշտ մեթոդների անցնեն և Արցախի Հանրապետություն այցելելեն, որովհետև իրենց մանդատը միջազգային մանդատ է, նաև հակամարտության վերջնական կարգավորման մասով իրենց գործառույթները կատարելու համար»,- ընդգծեց Բեգլարյանը։
Արցախի պետնախարարի կարծիքով` ժամանակն է, որ ԵԱՀԿ ՄԽ–ն ոչ թե հանդես գա հաշտարարի կամ տեխնիկական հարցեր կարգավորող միջնորդների, այլ խոսի արբիտրի դիրքից։
ԱՀ պետնախարարը համոզված է, որ Մինսկի խմբի համանախագահները շատ լավ են հասկանում, որ հակամարտությունը ոչ միայն կարգավորված չէ, ավելին` ավելի է խորացել, հետևաբար, եթե Ադրբեջանը ցանկություն չունի հաղորդակցվել միջազգային միջնորդների հետ, պետք է հաշտվի, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության գործողություններն ու ընդունած որոշումները միակողմանի են լինելու։