Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են գինու արտադրությունն ու արտահանումը

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է գինու արտադրության զարգացումը խթանելու վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են հայկական գինու արտադրության, արտահանման և վաճառքի ծավալների խթանման հնարավորությունները և մեխանիզմները։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարների թեմայով խորհրդակցության ժամանակ (17 հունվարի, 2022թ). Երևան
Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, խորհրդակցության ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է գինու արտադրության զարգացումը խթանելու վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները: Նա անդրադարձել է գինու համաշխարհային և հայաստանյան շուկաների վիճակագրությանը, միտումներին, 10 տարվա կտրվածքով զարգացման ուղղություններին, ակնկալվող ներդրումների ծավալին, նպատակային ցուցանիշներին, մարտահրավերներին և այլ հարցերի:
Խորհրդակցությքան մասնակիցները գինեգործության զարգացման համատեքստում կարևորվել են գյուղատնտեսական մյուս բարեփոխումների և ծրագրերի հաջող իրականացումը՝ հողային ռեֆորմ, ինտենսիվ այգեգործություն և այլն: Մանրամասներ են ներկայացվել նաև հայկական գինիների աշխարհագրական մակնշման ընթացքի մասին:
Գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարների թեմայով խորհրդակցության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ (17 հունվարի, 2022թ). Երևան
Փաշինյանը կարևորել է գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ռազմավարությունների, ծրագրերի փոխգործելիությունը և ինտեգրումը կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում: Նա հանձնարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հարթակում ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել համատեղ անելիքները՝ հաշվի առնելով խորհրդակցության արդյունքները: