ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. «Հանրապետականներ» աջակողմյան կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը 2021–ի դեկտեմբերի վերջին ԼՂ կատարած այցի պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք հայտարարություններից հետո երկրի իշխանությանն անգործության մեջ է մեղադրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Europe 1 ռադիոկայանին։
«Ես հանրապետության նախագահական ընտրությունների թեկնածու եմ։ Եվ ես, ինչպես և ինձնից առաջ ֆրանսիացիներից շատերն արել էին, մեկնեցի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան... Դա Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճեր առաջացնող տարածաշրջան է։ Ես մեկնեցի այնտեղ, որպեսզի տեսնեմ, թե ինչ է այնտեղ կատարվում... Ադրբեջանի նախագահը բավական ապշեցուցիչ հայտարարություն արեց. «Եթե իմանայի, որ տիկին Պեկրեսն այնտեղ է, մենք նրան հետ չէինք թողնի»», – հայտնել է Պեկրեսը։
Պեկրեսն ընդգծել է, որ Արևելքի քրիստոնյաների հարցն իր պարտավորությունների հիմքում է և այդ առումով Հայաստանի պաշտպանությունը չափազանց կարևոր է։
«Սակայն նախագահի թեկնածուին չպաշտպանող կառավարության քար լռությունը սկանդալ է», – հավելել է քաղաքական գործիչը` մեկնաբանելով Ալիևի խոսքերի վերաբերյալ պաշտոնական Փարիզի արձագանքը։
Ավելի վաղ Պեկրեսը հայտնել էր, որ մտադիր է բողոք ներկայացնել Ադրբեջանի նախագահի խոսքերի պատճառով, որոնք սպառնալիք է համարում։
Ադրբեջանի առաջնորդը Ղարաբաղ Պեկրեսի այցն անվանել էր սադրիչ, նշելով, որ այն ուղղված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ, նպատակն էլ առաջիկա նախագահական ընտրություններում հայերի ձայները ստանալն է։