Ռուբինյանին վարկաբեկելուց շահում է միայն Թուրքիան. Մարուքյան

Էդմոն Մարուքյան
Քաղաքական գործչի դիտարկմամբ` ՀՀ խորհրդարանում կամ մամուլում ամեն ինչ անում են, որ վարկաբեկեն մեր պետության ներկայացուցչին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է այսօր խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հասցեին հնչած քննադատություններին։
Մարուքյանի համոզմամբ` Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցչին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային։

«Հիմա որ մեր պառլամենտում կամ մամուլում ամեն ինչ անում են, որ վարկաբեկեն մեր պետության ներկայացուցչին, ի՞նչ կարծիքի եք` դրանից ո՞վ է շահում. մի անգամ ասել եմ ու կրկնում եմ` միայն Թուրքիան»,– գրել է Մարուքյանը։

Նա նշել է, որ հայաստանյան ընդդիմությունը չի տարանջատում պետությունն ու իշխանությունը։
Ինչու է բանակցություններին Թուրքիայի մեքենան եղել դրոշով, ՀՀ-ինը՝ ոչ. թեժ քննարկում ԱԺ-ում
«Կարող եք ուսումնասիրել թուրքական մամուլը կամ թուրքական ընդդիմության կիրառած բառապաշարն իրենց նշանակած հատուկ ներկայացուցչի մասին: Միայն հարգանք ու աջակցություն կտեսնեք իրենց պետությունը ներկայացնող գործչի նկատմամբ: Ի՞նչ է, կարո՞ղ է Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաղաքական հակառակորդներ ու ընդդիմադիրներ չունի։ Բայց նրանք բոլորը պետական մտածողություն ունեն, պետությունը ներկայացնողին կարողանում են ներքաղաքական կյանքից զատ դիտարկել և ոչ թե ամեն առիթով վարկաբեկեն իրենց իսկ ներկայացուցչին և դրանով օգնեն մեզ կամ այլոց»,– նշում է Մարուքյանը։
ՌԱԴԻՈ
Ընդդիմությանը հետաքրքրում է ոչ թե երկրի վիճակը, այլ իշխանության գալու շանսերը. քաղաքագետ
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Այսօր ԱԺ նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեցին, թե ինչի շուրջ է բանակցել ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, ով է նրան լիազորել, քանի որ բանակցող նշանակելու մասին որևէ պաշտոնական հրամանագիր չի եղել:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշեց, թե ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որը բնութագրում է բանակցությունների ընթացքը:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե հերթական անգամ Հայաստանի իշխանությունները գաղտագողի հայ ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում:
Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց՝ ԱԺ նիստերը իրեն հիշեցնում են ցածրորակ հաղորդում, բայց ինքը չի զլանա ու կարձագանքի՝ «ընկել են, պիտի քաշեն»։
ԱԺ–ում ընդդիմադիր պատգամավորները փորձեցին մանրամասներ ճշտել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից, սակայն իշխանական թևը հայտարարեց, թե գաղտնի ոչինչ չկա, ամեն ինչ կատարվում է հրապարակային։
«Կարող եմ ասել ու անել բաներ ձեզ հետ». Ռուբեն Ռուբինյանը` Ագնեսա Խամոյանին