Օդապարիկով մինչև Արագածի գագաթը. համաշխարհային ռեկորդից առաջ բացառիկ թռիչք է իրագործվել

Գյումրիից մինչև Արագած լեռ օդագնացները հասել են 1 ժամ 40 րոպեում։
Sputnik
Օդապարիկով այսօր բացառիկ թռիչք է իրականացվել Գյումրիից Արագած լեռան գագաթների վրայով` դեպի Երևան-Գառնի տարածք: Թռիչքի մանրամասների մասին «Սքայբոլ» ընկերության հիմնադիր, Հայաստանի օդագնացների սպորտի ֆեդերացիայի նախագահ Նաիրի Բարսեղյանը պատմել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Թռիչքը սկսվել է այսօր` ժամը 06:00-ին, Գյումրու Վարդանանց հրապարակից:

«Սա տեխնիկական փորձ էր համաշխարհային ռեկորդից առաջ, որին մենք պատրաստվում ենք», - ասաց Բարսեղյանը:

Նրա խոսքով ՝ 1 ժամ 40 րոպեում Գյումրու Վարդանանց հրապարակից օդապարիկով հասել են Արագած լեռ։ Օդագնացներին հաջողվել է հասնել մինչև 6 100 մետր բարձրության և թռչել լեռան վրայով։ -35 աստիճանից ցածր ջերմաստիճանում ամբողջ թռիչքը տևել է 4 ժամ 30 րոպե։
Вид с воздушного шара на вершины горы Арагац
Թռիչքի ընթացքում նրանք եղել են հատուկ հանդերձանքով և իրենց հետ ունեցել թթվածնի բավարար պաշար, ինչպես նաև ավիացիոն այլ սարքավորումներ, որպեսզի չշեղվեն երթուղուց։
Բարսեղյանը նշեց, որ մեկ ամսվա ընթացքում իր ռուս ընկեր Սերգեյ Բաժենովի հետ միասին պատրաստվում են Ռուսաստանում համաշխարհային ռեկորդ սահմանել։

«Հենց եղանակը թույլ տա, ես կուղևորվեմ Ռուսաստան, որտեղ Բաժենովի հետ նոր ռեկորդ ենք սահմանելու։ Մենք պլանավորում ենք 35 ժամ անդադար թռչել՝ այդպիսով գերազանցելով 32 ժամ 12 րոպե օդում գտնվելու ռեկորդը»,- ասաց Բարսեղյանը։

Նշենք, որ օդապարիկը Հայաստանում առաջին անգամ երկինք է բարձրացել 2014 թվականին։ 2018 թվականին այն պաշտոնապես համալրել է քաղաքացիական ավիացիայի շարքերը։
1 քայլ ավելի մոտ համաշխարհային ռեկորդին․ օդապարիկը 6-7 ժամ կթռչի Հայաստանի երկնքում
Ավելի վաղ Նաիրի Բարսեղյանը հայտնել էր այս տարի համաշխարհային ռեկորդ սահմանելու մտադրության մասին: Ներկա ռեկորդը՝ AX-9 օդապարիկով առանց վայրէջքի32 ժամ 12րոպե տևողությամբ թռիչքը, պատկանում է ռուս հայտնի ճանապարհորդ Ֆյոդր Կոնյուխովին և օդաչու Իվան Մինայելոյին:
Вид с воздушного шара на вершины горы Арагац
Վերջին մեկ տարվա ընթացքում Նաիրի Բարսեղյանը Սերգեյ Բաժենովի հետ միասին իրականացրել է մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք, գտել տեխնիկական նոր լուծումներ, որը հնարավոր կդարձնի այդ ռեկորդի սահմանումը: