ԵՐԵՎԱն, հունվարի 17 - Sputnik. Հայաստանը կողմ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբարերությունների կարգավորմանն ու սահմանների բացմանը: Ազգային ժողովում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը` պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեցին, թե ինչի շուրջ է բանակցել ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և ով է նրան լիազորել, քանի որ բանակցող նշանակելու մասին որևէ պաշտոնական հրամանագիր չի եղել:
«ՀՀ կառավարությունը այժմ էլ հանդես է գալիս այդ դիրքերից, ու մենք առանց նախապայմանների կողմ ենք, որ սահմանները բացվեն ու հարաբերություններն օր առաջ կարգավորվեն, դա բխում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից», - ասաց Արշակյանը։
Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի ու Թուրքիայի ներկայացուցչի միջև կայացած առաջին բանակցությանը՝ ԱԺ փոխնախագահը նշեց, թե ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որը բնութագրում է բանակցությունների ընթացքը:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե հերթական անգամ Հայաստանի իշխանությունները գաղտագողի հայ ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում:
«Ամբողջ այս գործընթացում թուրքերն են եղել թելադրողը, Չավուշօղլուն ասում է սա, մերոնք արձագանքում են, Չավուշօղլուն ասում է նա, մերոնք արձագանքում են, բայց, կրկնում եմ, փաստաթուղթ չկա Ռուբեն Ռուբինյանի նշանակման հետ կապված: Գործընթացը փնթի է կատարվում, փնթի մինչև վերջ», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպմանը:
Նա ասաց, թե Թուրքիայի բանագնացը դրոշով մեքենայով է գալիս հանդիպման, Հայաստանը՝ ոչ:
Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց՝ ԱԺ նիստերը իրեն հիշեցնում են ցածրորակ հաղորդում, բայց ինքը չի զլանա ու կարձագանքի՝ «ընկել են, պիտի քաշեն»։
«Նախ՝ հատուկ բանագնաց չէ, հատուկ ներկայացուցիչ է, հատուկ ներկայացուցիչը պաշտոն չէ, գործառույթ է, ես հատուկ պաշտոնի չեմ նշանակվել: Ասում եք՝ ինչո՞ւ է բյուջով մեկնել, բա ինչո՞վ մեկնեի, պետք է ծրարով փող ստանայի, գնա տոմս առնեի՝ գնայի՞, բյուջեի փողերով եմ մեկնել», -իր տեղից ասաց Ռուբենյանը:
Անդրադառնալով առանց դրոշ մեքենայի մասին խոսակցություններին՝ Ռուբինյանը նշեց, թե մինչև հատուկ ներկայացուցիչների հանդիպումը երկու հատուկ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոյի հետ, որքանով ինքն է տեղյակ, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը գնացել էր ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ ու մեքենան, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի դեսպանի մեքենան է:
«Մինչ այս պահը չի եղել մի իրադարձություն, որի մասին մեր ԱԳՆ-ն չի տեղեկացրել: Երբ ասում եք՝ տեղի են ունենում գաղտագողի գործընթացներ, ինձ ամենաշատը սա է նյարդայնացնում, որովհետև ՀՀ պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք ու, ի՞նչ եք կարծում, այդ բանակցությունների քանի տոկոսն է եղել գաղտնի ու քանի տոկոսն է եղել բաց. ավելի շատ տոկոսը եղել է գաղտնի», - ասաց նա:
Ռուբինյանը նաև հայտարարեց, թե իր ու Թուրքիայի ներկայացուցչի միջև հանդիպումը եղել է ՌԴ արտգործանախարարության ընդունելությունների տանը:
«Հարցնում եք՝ ի՞նչ նկատի ունեք կառուցողական մթնոլորտ ասելով, նկատի ունենք կառուցողական մթնոլորտ: Հանադիպման արդյունքում Հայաստանի, Թուրքիայի ու ՌԴ արտգործնախարարությունները հանդես են եկել հայտարարություններով», - ընդդիմադիրների հարցերին ի պատասխան՝ արձագանքեց Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայից հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլիչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում:
ԱԺ–ում ընդիմադիր պատգամավորները փորձեցին մանրամասներ ճշտել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից, սակայն իշխանական թևը հայտարարեց, թե գաղտնի ոչինչ չկա, ամեն ինչ կատարվում է հրապարակային։