Այդ գունավոր լույսերը` բևեռափայլերը, որոնք բազմաթիվ լեզուներով անվանում են Ավրորա (արևածագի հռոմեական աստծվածուհու անունով), հանդիպում են միայն երկրագնդի հյուսիսային և հարավային բևեռներում: Հյուսիսային բևեռում (Իսլանդիա, Նորվեգիա, Կանադա և այլն) բևեռափայլն անվանում են հյուսիսափայլ։
Համաձայն հին նորվեգացիների առասպելների` հյուսիսափայլը աստվածների ստեղծած կամուրջն էր Երկրի վրա։ Ֆինները կարծում էին, որ երկնքում մի կախարդական աղվես կա, որն իր պոչով է այս գույները սփռում, իսկ բնիկ ամերիկացիներին թվում էր, որ հանգուցյալների հոգիներն են շուրջպար բռնել երկնքում:
Գիտականորեն այդ երևույթը բացատրվում է այսպես. արեգակի վրա պարբերաբար քամիներ են առաջանում, որոնք արեգակի լիցքավորված մասնիկների հոսքեր են: Այդ քամիները նաև հասնում են Երկրին, սակայն վերջինս մագնիսական դաշտ ունի, որը թույլ չի տալիս, որ արևային քամու բերած մասնիկները դեպի երկրի մակերևույթ գան: Մագնիսական դաշտի հետ փոխազդեցության արդյունքում մասնիկները միայն Երկրի բևեռներին են հասնում, այդ պատճառով էլ միայն այդտեղ են գունավոր լույսեր առաջանում:
Իսկ ինչպե՞ս է, որ Երկրի բևեռներին հասնելուց հետո արևային քամիների բերած մասնիկները գունավոր առկայծումներ են առաջացնում:
Արևային քամիները Երկրի մթնոլորտ հասնելուն պես բախվում են մթնոլորտի կազմում գտնվող թթվածնի կամ ազոտի ատոմներին: Երբ արևային քամիների բերած մասնիկները բախվում են էլեկտրոններին, դրանք իրենց հիմնական վիճակից անցնում են գրգռված վիճակի։ Բայց էլեկտրոնը երկար չի կարող գրգռված վիճակում մնալ, քանի որ նա իր հիմնական վիճակին է ձգտում, ուստի նորից միջուկին ավելի մոտ շրջանագիծ` իր հիմնական վիճակին է հասնում` ճանապարհին ֆոտոն բաց թողնելով, այսինքն` լույս տալով:
Ստացվում է, որ արեգակնային քամու մասնիկների ազդեցությամբ թթվածնի և ազոտի ատոմները լուսարձակում են:
Ամենատարածված` կանաչ բևեռափայլերը պայմանավորված են թթվածնի ատոմների լուսարձակմամբ: Մթնոլորտի ավելի մեծ բարձրություններում թթվածինը կարմիր լույս է արձակում, իսկ կապույտ և մանուշակագույն լույսերն ազոտի լուսարձակման շնորհիվ են առաջանում: