Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում այսօր հյուրընկալվել է Հայաստանի տաղավարում։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Սարգսյանը շրջել է տաղավարում, ծանոթացել ներկայացված ցուցադրություններին։
«Էքսպո 2020 Դուբայ» կենտրոնում մեր երկիրը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով՝ ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները:
Տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել ցուցադրության, տաղավար այցելությունների, գործարար շփումների մասին։
Սարգսյանը կարևորել է համաշխարհային այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը և հույս հայտնել, որ այն հնարավորություն կտա ոչ միայն նոր գործարար հարաբերություններ հաստատել, այլև փորձի և գիտելիքների փոխանակման հարթակ դառնալ։
Հանրապետության նախագահն այցելել է նաև «Էքսպո 2020»-ը հյուրընկալող Արաբական Միացյալ Էմիրությունների տաղավար, ծանոթացել ցուցադրություններին, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։
Հիշեցնենք` Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնել աշխատանքային այցով։