ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ալմաթիի օդանավակայանից մեկնել է 19 ինքնաթիռ, որոնք հայրենիք կտեղափոխեն ՀԱՊԿ հավաքական ուժերի ռուս դեսանտայիններին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
«Այս պահին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի 19 ինքնաթիռ, որոնք Ղազախստանից վերադարձնում են ՀԱՊԿ-ի հավաքական զորակազմի ռուս խաղաղապահներին, դուրս են եկել «Ալմաթի» օդանավակայանից և օդում են գտնվում», — նշված է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:
Մերձմոսկվայի «Չկալովսկի» օդանավակայան կժամանեն ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների անձնակազմն ու տեխնիկան: Այնտեղ նրանց հանդիսավոր կերպով կդիմավորեն հրամանատարության մասնակցությամբ։
«Հանդիսավոր հանդիպումից հետո անձնակազմը ձեռնամուխ կլինի սպառազինության, ռազմական տեխնիկայի, գույքի բեռնաթափմանն ու երթ կկատարի մշտական տեղակայման կետ», — ավելացրել են պաշտպանության նախարարությունում:
Երեկ խաղաղապահ զորակազմի մի մասը Ղազախստանից Ռուսաստան էր վերադարձել։ Նրանց տեղափոխման համար գործի էր դրվել 15 Իլ-76 և 3 Ան-124 ինքնաթիռներ։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին: