ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հերթական անգամ անկեղծացել է Instagram-ի իր էջում՝ խոսելով իր ամուսնալուծության և կյանքի ու մահվան սահմանագծին հայտնվելու մասին։
«Ես մինչև վերջ հավատում էի, որ մեր միությունը կշարունակվի մինչև ծերություն և ինչ «զիլ» է, երբ մարդիկ մեկմեկու հակապատկերն են։ Բայց, ինչպես կյանքն է ցույց տալիս, առանց աջակցության, սիրո, հոգատարության և քնքշանքի մարում է նույնիսկ ամենավառ արևը»,- գրել է աստղային դիմահարդարը։
Նա պատմել է դեկտեմբերին իր անցած դժվարին փորձության մասին։ Գոհար Ավետիսյանի խոսքով՝ վիրահատությունից հետո բարդություններ առաջացան, սկսվեց արյան վարակ, ինչը 99 տոկոս դեպքերում մահացու ելք է ունենում։ Այս ծանր շրջանը Գոհար Ավետիսյանի համար հնարավորություն էր հետհայացք նետելու իր ապրած կյանքին։ Խոստովանում է՝ ամփոփելով այդ ամենը՝ ինքն իրեն ասաց, որ հրաշալի կյանք է ունեցել, բայց միթե ամեն ինչ այսքան արագ պետք է ավարտվի։
«Ես չեմ տեսնի, թե ինչպես է Գասպարը գնում առաջին դասարան, ինչպես է սիրահարվում և ամուսնանում: Եվ դա ինձ չհանձնվելու ուժ էր տալիս»,- գրել է Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ իր կյանքի այս ծանրագույն շրջանում եղել է ֆիզիկապես ու բարոյապես միայնակ։ Գոհար Ավետիսյանը նշում է, որ իր համար ընտանիքն ամեն ինչից վեր է, և կատարվածը մեծ կորուստ էր իր համար։ Նա նաև շնորհակալություն է հայտնել նախկին ամուսնուն՝ Սերգեյին, իր կյանքի իմաստ որդու՝ Գասպարի համար։
«Բայց այսուհետև ես մենակ եմ․․․»,- ամփոփել է գրառումը հայտնի դիմահարդարը։
Օգտատերերը բազմաթիվ աջակցող և սատարող մեկնաբանություններ են կատարել՝ նշելով, որ կարևորը նրա առողջությունն է, իսկ տղամարդ էլի կգտնվի, ու որ նա լավագույնին է արժանի։
««Եղիր երջանիկ, այնպես, ինչպես դու ես երջանկացնում մարդկանց»։ «Հիմա դու ավելի կնիհարես, իսկ Սերգեյները շարք են կանգնելու»։ «Դու կհաղթահարես այս ամենը, ուժեղ եղիր, մենք քո կողքին ենք»»,- նման մեկնաբանություններ են հայտնի դիմահարդարի էջում թողել հետևորդները։
Նշենք, որ Գոհարի ու Սերգեյի ամուսնության մասին հայտնի դարձավ 2020 թվականի փետրվարին, երբ Գոհարը տեղեկացրեց, որ հղի է։
Սկզբում նա չէր ցանկանում ամուսնուն ներկայացնել հանրությանը, քանի որ Սերգեյը չէր ուզում։ Բայց դա երկար չտևեց։
Սերգեյն ու Գոհարը մեկ որդի ունեն՝ Գասպարը։ Հուլիսի 3-ին փոքրիկը կդառնա 1 տարեկան։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարին, տևական ժամանակ առաջին ամուսնալուծության մասին լուրերին ոչ մի կերպ չարձագանքող Գոհարը խոստովանեց, որ 2 ամիս է, ինչ բաժանվել է ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից։