ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Սյունիքիմարզի Տեղ գյուղի բնակչին առևանգելուց հետո շրջանառության մեջ դրվեց անթույլատրելի քաղաքական մոտեցումը, թե բնակիչն է անցել ադրբեջանական կողմ՝ տպավորություն ստեղծելով, թե «մեղավորը» նա է, այլ ոչ թե նրա նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ՝ հանցանքներ թույլ տված ադրբեջանական զինված ծառայողները: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Facebook-ի իր էջում տարակուսանք է հայտնել քաղաքական նման մոտեցման հանդեպ և անթույլատրելի համարել այն։ Նրա խոսքով՝ հրապարակային փորձ արվեց հերքել ադրբեջանցիների կողմից տեղի բնակչի առևանգման մասին ՄԻՊ հայտարարության ձևակերպումները՝ առանց հաշվի առնելու, որ այդ հաղորդագրություններում ամեն ձևակերպում ընտրված է և ունի նպատակային նշանակություն:
Նա տարակուսած է՝ ՀՀ պետական սահմանների անորոշության պայմաններում ի՞նչ «ադրբեջանական կողմի» կամ տարածքի մասին է խոսքը:
Պաշտպանը կարծում է, որ ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը տալիս են նրանց զինված ծառայողներին հեռացնելու իրատեսական հնարավորություն․պետք է արագ ու ճիշտ գործել:
«Մինչև սահմանների որոշման պաշտոնական գործընթացների ավարտը ի՞նչ գործ ունեն ադրբեջանական զինված ծառայողները, որոնք հիմնովին խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Բայց ի՞նչ է արվում»,- նշում է պաշտպանը։
Նրա կարծիքով՝ քաղաքական նման մոտեցում առաջ տանողներն իրենց մեկնաբանություններով ադրբեջանական զինված ծառայողներին «թևեր» են տալիս, դարձնում են ավելի սանձարձակ, թուլացնում են մեր քաղաքացիների իրավունքների միջազգային պաշտպանությունը՝ գեներացնելով խոչընդոտող ապացույցներ:
«Նման մեկնաբանությունները պետք է վերանան ու վերջ»,- շեշտում է պաշտպանը։
ՄԻՊ-ն ընդգծում է՝ խաղաղ բնակիչները չպետք է այս քաղաքական սխալ մոտեցումների զոհը դառնան: Խոսքը սովորական մարդկային ճակատագրերի մասին է՝ տարիների քրտնաջան աշխատանքով վաստակած ապրուստ, ընտանիքի եկամուտ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու բնական իրավունք, մինչդեռ մարդիկ ապրում են իրենց ու ընտանիքների կյանքի ու ապրուստի համար իրական անհանգստության մեջ:
«Բա սա նորմա՞լ վիճակ է, կյանքի նորմալ պայմաննե՞ր են»,- հռետորական հարց է հղում պաշտպանը։
Նրա տեղեկացմամբ՝ Տեղ գյուղի բնակչի հետ անձամբ խոսել է, մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում նույնպես միջոցներ են ձեռնարկվում նրա իրավունքների պաշտպանության համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-ին՝ ժամը 16։00-16։30 սահմաններում, ադրբեջանցիներն առևանգել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթևոսյանին, քշել-տարել նրա հոտը։ Նույն օրը երեկոյան ռուս խաղաղապահները հովվին հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին։ ՄԻՊ տվյալներով՝ ադրբեջանցիները հայ հովվի նկատմամբ թույլ են տվել նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, մասնավորաբար՝ խաղաղ բնակչի աչքերն ու ձեռքերը կապել են ու մոտ 1 ժամ ճանապարհ տարել: Ադրբեջանցիները խախտել են նաև հովվի սեփականության իրավունքը։
Պաշտպանի ճշտված տվյալներով՝ ադրբեջանցիները հափշտակել են 320-350 գլուխ ոչխար և դեռևս ոչինչ չեն վերադարձրել՝ հովվի ընտանիքին կանգնեցնելով սոցիալական լրջագույն խնդրի առաջ: