ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Այսօր` հունվարի 16–ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, կա մեկ զոհ, 2 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 19:02-ին։ Հայտնել են, որ ավտոմեքենա է ընկել Եղեգնավան գյուղի տարածքում գտնվող Կախանովի ջրանցքը, կա տուժած։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները պարզել են, որ Եղեգնավան գյուղի Ազատության փողոցի տներից մեկի մոտակայքում 68-ամյա Գ․Ս․-ի վարած«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում:
Վթարի հետևանքով ուղևորներ 66-ամյա Ս․ Ս․-ն և 58-ամյա Ռ․ Մ․-ն հոսպիտալացվել են Վեդու ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
68-ամյա վարորդը տեղում մահացել է․
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և վարորդի դին: