ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Վաղը օդապարիկով բացառիկ թռիչք է իրականացվելու Հայաստանում՝ Գյումրիից Արագած լեռան գագաթների վրայով` դեպի Երևան-Գառնի տարածք: Facebook-ի իր էջում թռիչքի մանրամասների մասին հայտնել է «Սքայբոլ» ընկերության հիմնադիր, Հայաստանի օդագնացների սպորտի ֆեդերացիայի նախագահ Նաիրի Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունն իրենց ևս մեկ քայլով կմոտեցնի համաշխարհային ռեկորդին, որն իրենց ռուս ընկեր Սերգեյ Բաժենովի հետ փորձելու են սահմանել արդեն այս տարի: Մինչ այդ Նաիրի Բարսեղյանն առաջիկա բացառիկ թռիչքի մասին է պատմել։
Թռիչքըսկսվելու է վաղը` հունվարի 17-ին, առավոտյան 06:00, Գյումրիից: Ընդհանուր թռիչքի տևողությունը լինելու է 6-7 ժամ՝ մինչև 5000մ բարձրության վրա:
«Պատկերացրեք` ինչպիսի տեսարան է բացվելու օդապարիկի զամբյուղից, երբ արևածագի պահին գտնվենք Արագած լեռան գագաթներից վեր»,- գրել է Բարսեղյանը։
Նրախոսքով՝ թռիչքի ընթացքում օգտագործելու են հատուկ հանդերձանք, քանի որ օդի ջերմաստիճանը լինելու է մինչև -35C: Ունենալու են նաև թթվածնի պաշար և համապատասխան աերոնավիգացիոն ու այլ տեխնիկական միջոցներ` թռիչքը նախատեսված երթուղով իրականացնելու համար, քանի որ օդապարիկը թռչում է միայն քամու ուղղությամբ և արագությամբ։
Նաիրի Բարսեղյանը խոստացել է ցույց տալ թռիչքի ընթացքում Հայաստանի երկնքում արված աննկարագրելի գեղեցիկ լուսանկարները։