ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, լինելով մարզից ընտրված պատգամավոր, ծանոթ է մարզի խնդիրներին և շատ արագ կլծվի այդ խնդիրների լուծմանը։ Մովսիսյանին ներկայացնելիս նման կարծիք է հայտնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Սանոսյանի խոսքով` մարզի առաջ բավական հավակնոտ ծրագրեր են դրված:
Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին կարճ ժամանակում բավական արդյունավետ աշխատանքի, մարզային խնդիրներին արագ լուծումներ տալու համար:
Նորանշանակ մարզպետն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարությանը մարզի կառավարումն իրեն վստահելու համար: Մովսիսյանը նշել է, որ Ռազմիկ Պետրոսյանը բավական բարձր նշաձող է սահմանել, և ինքը կանի առավելագույնը՝ կառավարության, քաղաքական թիմի և ժողովրդի սպասումներն արդարացնելու համար:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր մոտ 3 ամիս առաջ` 2021-ի հոկտեմբերի 28-ին։ Դրանից առաջ` 2020-ի հոկտեմբերի 30-ից, նա Արագածոտնի փոխմարզպետն էր։
Ինչ վերաբերում է Սերգեյ Մովսիսյանին, ապա այս տարվա հունվարի 4-ին հայտնի դարձավ, որ նա վայր է դնում իր պատգամավորական մանդատը (ՔՊ)։ Կառավարության հունվարի 13-ի նիստում էլ որոշվեց վերջինիս Արագածոտնի մարզպետ նշանակել։