ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Լուկաշենկոն բացահայտել է Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողության նախապատրաստման մանրամասները

Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահը բացահայտել է ՀԱՊԿ-ի վերջին գործողության նախապատրաստման որոշ մանրամասներ` ընդգծելով խաղաղապահների նշանակալի ներդրումը Ղազախստանում խաղաղության հաստատման գործում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողությունը մշակել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները՝ մեկ ժամվա ընթացքում, գրում է Sputnik Բելառուսը:

«Այս ամբողջ գործողությունը, ընդհուպ մինչև դետալներ, մշակվել է երկու նախագահների՝ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարների կողմից, մեկ ժամվա ընթացքում։ Ուրվագծվեց գաղափարը, ապա պաշտպանության նախարարությունները՝ Շոյգուի և Խրենինի ղեկավարությամբ, գլխավոր շտաբերում մանրամասնեցին երկու նախագահների մտադրությունները, և արդեն մի քանի ժամ անց առաջին ինքնաթիռները մեկնեցին Ղազախստան»,-հայտարարել է Բելառուսի առաջնորդը` ռազմական օդանավակայանում ելույթ ունենալով խաղաղապահների առաջ։

Լուկաշենկոյի խոսքով՝ ամեն ինչ արվել է «արագ և վճռական` առանց վարանելու»:
«ՀԱՊԿ-ի ընդունած միջոցառումները` խաղաղապահ ուժերի մուտքը, թույլ են տվել Ղազախստանը զերծ պահել իրավիճակի ամենաբացասական սցենարով զարգացումից, թույլ չեն տվել, որ բռնկվի հերթական գունավոր հեղափոխությունը», - ասել է Բելառուսի նախագահը:
Նա նշել է նաև, որ Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողությունը ազդանշան է դարձել նրանց համար, ովքեր թրերն են սրում Բելառուսի և Ռուսաստանի սահմանների մոտակայքում։
«Ձեր գործողություններով` թեկուզ առանց կրակոցների, առանց հատուկ գործողությունների անցկացման, հենց միայն ձեր ներկայությամբ դուք այդ երկրում խաղաղությունն ու կարգուկանոն ապահովեցիք»,-նշել է Լուկաշենկոն։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
ՀԱՊԿ-ի ռուսաստանցի խաղաղապահներին տեղափոխող 18 ինքնաթիռ Ղազախստանից ուղևորվել է ՌԴ
Ղազախստանում իրականացված գործողությունն առաջինն էր, երբ ՀԱՊԿ-ի խաղաղապահները գործի դրվեցին կազմակերպության անդամ պետությունում կայունություն և անվտանգություն ապահովելու համար:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին: