Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի տասնհինգ Իլ-76 և երեք Ան-124 ինքնաթիռները հունվարի 15-ին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում առաջադրանքներ կատարող օդադեսանտային զորքերի ստորաբաժանումների անձնակազմն ու ռազմական տեխնիկան կհասցնեն Մոսկովյան և Իվանովյան շրջանների օդակայաններ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ժամանումից հետո ստորաբաժանումները հաստիքային տեխնիկայով կմեկնեն մշտական տեղակայման վայրեր։
Նախօրեին Հայաստանի, Բելառուսի և Տաջիկստանի խաղաղապահ զորախմբերը, կատարելով տեխնիկայի և անձնակազմի բեռնումը, ՌԴ ՌԾՈւ ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով վերադարձել են հայրենիք: Ղրղըզստանի խաղաղապահները վերադարձել են մշտական տեղակայման վայր՝ հաստիքային տեխնիկայով ինքնուրույն երթ կատարելով։
Բոլոր խաղաղապահների վերադարձը մշտական տեղակայման վայրեր նախատեսվում է ավարտել մինչև հունվարի 19-ը:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին: