Ղազախստանում զանգվածային անկարգությունների հետևանքով 225 մարդ է մահացել

Իրավապահ մարմինների աշխատակիցները Ալմաթիի գլխավոր հրապարակում (6 հունվարի, 2022թ). Ղազախստան. Արխիվային լուսանկար
Ղազախստանի դատախազությունից հայտնել են, որ անկարգությունների հետևանքով տուժածների ընդհանուր թիվը 4500-ից ավելի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ղազախստանում զանգվածային անկարգությունների հետևանքով 225 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնել է Ղազախստանի գլխավոր դատախազության քրեական հետապնդման ծառայության պետ Սերիկ Շալաբաևը, տեղեկանում ենք Sputnik Ղազախստանից։

Շալաբաևի խոսքով` 225 զոհերից 19-ն ուժայիններ են։ Տուժածների ընդհանուր թիվը 4500-ից ավելի է։ Անկարգությունների մասնակիցների ընդհանուր թիվը 20 000–ից ավելի է։ Այս դեպքերով արդեն իսկ քննվում է 546 քրեական գործ։

«Մահվան յուրաքանչյուր դեպք անհատապես կքննվի։ Պետությունը համակողմանի աջակցություն կցուցաբերի տուժածների և զոհվածների ընտանիքներին»,–ասել է Շալաբաևը։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Լուկաշենկոն բացահայտել է Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողության նախապատրաստման մանրամասները
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին: