ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է նրա խոսնակ Սոս Հակոբյանը։
Նշվում է, որ պատճառն իշխող ուժի որոշումն է սահմանափակել ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը Վաշինգտոնում նախատեսվող կարևորագույն աշխատանքային հանդիպմանը:
«Գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք հոգի, և որոշում է կայացվել Վանեցյանին չներառել այդ կազմում:
Փաստորեն, իշխանությունը որոշել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպմանը ընդդիմության ներկայացուցչի կարիք չկա և հանդիպմանը հայկական կողմից կմասնակցեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը»,-գրել է խոսնակը։
Արթուր Վանեցյանն ի պատասխան տեղեկացրել է, որ այդ պարագայում նպատակահարմար չի համարում իր մեկնումն ԱՄՆ և չեղարկել է այցը։