ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Մոսկվան Անկարայից պարզաբանում է պահանջել Թուրքիայի նախագահի խորհրդականի հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Էրդողանի խորհրդական Իհսան Շեները մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ։
«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն եղավ նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, ով բառացի դատապարտեց Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողությունները: Այժմ մենք մեր թուրք գործընկերներից պահանջել ենք պարզաբանել, թե ինչ է դա նշանակում»,- ասել է նա։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականը, մասնավորապես, հայտարարել էր, որ Ղազախստանը Թուրքիայի դաշնակիցն է Թյուրքական պետությունների կազմակերպությունում, որն «ազատվել է 30-ամյա խորհրդային լծից» ու կարող է վերադառնալ իր մշակութային արմատներին։
Շեները նշել է,որ Ղազախստանին այժմ ցանկանում են «նոր լծի տակ» մտցնել` ակնարկելով խաղաղապահ ուժերի տեղակայումը։