Փորձում ենք ճշտել` ադրբեջանական կողմո՞ւմ է հայտնվել. Բերձորի քաղաքապետը` տեղի բնակչի մասին

Բերձոր. Արխիվային լուսանկար
Բերձորի քաղաքապետը հայտնեց, որ 68-ամյա Անդրանիկ Ալեքսանյանի բնակավայրն ադրբեջանական կողմում է մնացել, և նա մինչ այս էլի է փորձ արել գնալ այնտեղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը ռուս խաղաղապահների հետ փորձում է ճշտել, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, որ Բերձորի 68-ամյա տղամարդը հայտնվել է ադրբեջանական կողմում։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նշենք, որ տելեգրամյան ալիքներում մի լուսանկար է շրջանառվում և նշվում է, որ ադրբեջանցիներն առևանգել են 1953-ին ծնված Բերձորի բնակիչ Անդրանիկ Ալեքսանյանին։

«Եթե իրականում պարզվի, որ տղամարդն ադրբեջանական կողմում է, ապա, հավանաբար, նա ինքն է այնտեղ գնացել։ Հարցն այն է, որ նա նախ մտավոր խնդիրներ ունի, բացի այդ, իր բնակավայրն անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, և նախկինում Անդրանիկն այնտեղ գնալու փորձ արել է։ Սակայն բացատրել ենք, որ չի կարելի»,–ասաց Ալեքսանյանը։

Նրա խոսքով` տղամարդն ասել է, որ այնտեղ ինչ–որ բան ունի, որն ուզում է վերցնել։ Քաղաքապետը հայտնեց, որ Անդրանիկը միայնակ է ապրում, որևէ մեկը մինչ այս նրան չի այցելել։ Անդրանիկ Ալեքսանյանը Բերձորում է հաստատվել 44-օրյա պատերազմից հետո, երբ նրա բնակավայրն ադրբեջանական կողմի հսկողության ներքո է մնացել։ Բերձորի քաղաքապետը հայտնեց` եղել են դեպքեր, որ Անդրանիկը Բերձորից 1 օրով «անհետացել» է, և հետո պարզվել է, որ նա Երևանում է, որտեղ նույնպես որևէ հարազատ չունի։
ՄԻՊ–ը հայտնել է, թե ինչպես են 4 զինված ադրբեջանցիներ առևանգել հովվին ու նրա 450 ոչխարները
Նշենք, որ հունվարի 13–ին, ժամը 16։00-16։30-ի սահմաններում էլ ադրբեջանցիներն առևանգել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթևոսյանին, քշել–տարել նրա հոտը։ Երեկոյան ռուս խաղաղապահները հովին հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին։